Տպել
04.09.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկների փաթեթը: Ըստ զեկուցողի՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս աշխատելու համաձայնեցված, ենթադրում է հաշվետվողականություն, առաջարկում է, որ բարեկամական խմբերն առավել ակտիվացնեն համագործակցությունը համապատասխան երկրներում ՀՀ դեսպանատների հետ՝ այդ շրջանակներում երկուստեք կարեւոր տեղեկատվության փոխանակումը հասցնելով ինստիտուցիոնալ մակարդակի: Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ փաթեթի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գրավոր առաջարկներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը գումարած նիստում քննարկել է «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանի ներկայացմամբ՝ համաձայնագիրը կնքվել է ի կատարումն 2002 թվականի ապրիլի 2-ի՝ ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրով ստանձնված պարտավորությունների: Այն ուղղված է նպաստելու երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառում բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ երկու երկրներում տրվող կրթության որակավորումների, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների փոխճանաչմանը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. հունիսի 14-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը: Արդյունքում, կապահովվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: