Տպել
01.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:

Այսօր անմոռանալի օր եւ կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ: Նաեւ սովորելու են զարգացնել եւ ներդաշնակել ազատության ու պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների իրենց ըմբռնումները, գիտակցել պարտքը հայրենիքի ու հասարակության հանդեպ: Այդ հարցում շատ մեծ դեր է վերապահված այն օգնությանը, որը պիտի ցուցաբերեն նրանց ծնողները եւ մանկավարժները:

Սիրելի՛ ուսուցիչներ եւ դասախոսներ,

այսօր բացվում է ձեր մանկավարժական կենսագրության հերթական էջը, որում, լիահույս եմ, շատ ու շատ ձեռքբերումներ են արձանագրվելու: Դրանք վկայելու են, որ շարունակում եք հայ բազմադարյա դպրության հարուստ ավանդույթները: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում եւս բազմաթիվ առիթներ ունենաք հպարտանալու ձեր սաների հաջողություններով:

Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն եւ դինամիկ զարգացող, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան կերտելու մեր բոլոր ծրագրերը: Եվ ինչպես երեխաներն են Նոր տարվա գալստյան հետ կապում իրենց բազմաթիվ մանկական երազանքների իրականացման հույսերը, այնպես էլ մենք պիտի յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա հետ կապենք մեր նվիրական նպատակների իրագործումը:

Առանձնահատուկ զգացումներով եմ դիմում Հայաստանի սահմանամերձ համայնքների եւ Արցախի կրթօջախներին: Այնտեղ հնչող դպրոցական զանգերը հայրենիքի դարպասներից տարածվում են ողջ երկրով եւ խաղաղություն ու վաղվա օրվա հանդեպ վստահություն են սերմանում բոլորիս հոգիներում:

Ուստի պիտի շարունակենք Հայաստանի եւ Արցախի կրթական համակարգերի հետագա զարգացումը, համաշխարհային առաջավոր փորձի յուրացումը: Դրա համար ունենք անհրաժեշտ օրենսդրական դաշտ եւ պիտի վստահ լինեք, որ Հայաստանի խորհրդարանը միշտ արագ կարձագանքի կրթական համակարգին առնչվող օրենքները կատարելագործելու յուրաքանչյուր հրամայականի:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին, կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


01.09.2018
«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան ...