Տպել
30.08.2018
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ օգոստոսի 30-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծված դրանք ավելի խորացնելու համար:

ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, նշելով, որ հայ-իրանական քաղաքական, պատմական եւ մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից, արժեւորել է երկկողմ միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, անվտանգության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018թ. փետրվարին Իրան կատարած այցի արդյունքներին եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամություն հայտնել: Քննարկվել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ առկա ներուժի համեմատ եւ դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա: