National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.8.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.08.2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու օգտագործմանը վերաբերող օրինագիծը
1 / 6
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ,  ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի նախագահը նախ ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի` մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին ՀՀ ԿԸՀ-ի 14-րդ արձանագրությունը: Ըստ այդմ՝ ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Այծեմնիկ Օհանյանն է: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` նորընտիր պատգամավորը երդվել է:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ Ինեսա Գաբայանի ներկայացմամբ՝ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվելու եւ քվեարկվելու է երկու ընթերցմամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է առաջին ընթերցմամբ ընդումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է 3-ական ժամ:

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը սկսել է նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ հիմնական զելուցող Ինեսա Գաբայանի՝ 2018թ. Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը մշակվել է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրի 6.1 կետի երկրորդ պարբերության դրույթների: Ծրագիրը նպատակաուղղված է 2018 թ. Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ցանցերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն: Օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ խորանարդ: 2018թ. համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը  2016թ. համեմատ կկազմի շուրջ 40 մլն մ խորանարդ: Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացումից ակնկալվում է հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում, ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով:

Ջրային կոմիտեի  նախագահին  ուղղված հարցերը վերաբերել են Սեւանա լճի ջրի խնայողաբար օգտագործմանը, էկոլոգիական խնդիրներին, ջրային կորուստներին, աղտոտվածությանը, ներդրումներին:

Գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Լենա Նազարյանը: «Սեւանա լիճը ոռոջման ջրի տարրա չէ եւ պետք է ամեն ինչ արվի, որ մյուս տարվանից մենք այլեւս ջրառ չանենք»,- ասել է պատգամավորը:  Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, քանի որ գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու անհրաժեշտություն կա:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ գրեթե ամեն տարի այս ամիսներին ԱԺ-ում քննարկվում է լրացուցիչ ջրառ ունենալու հարցը եւ անտեսվում են ջրամբարաշինության, ջրային կորուստների նվազեցման, կառավարման համակարգի բարելավման խնդիրները:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ պետք չէ խարազանել այն, ինչ արել է նախորդ իշխանությունը՝ համոզիչ չհամարելով Ինեսա Գաբայանի ելույթը:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ մինչեւ նախագծի քննարկումը պետք է կազմակերպվեին  հանրային լսումներ, եւ համապատասխան մասնագետները պետք է ներկայացնեին իրենց գնահատականը իրավիճակի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այս պահին պետք է օգնել գյուղացուն եւ իրականացնել լրացուցիչ ջրառ:

Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է Սեւանի ջրի մակարդակի բարձրացմանը, ոռոգման համակարգին, ջրային կորուստներին, «թաքնված այգիներին»՝ ընդգծելով, որ առաջիկայում կառավարությունն անդրադառնալու է նշված հարցերին:

 Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովում բուռն քննարկում է ծավալվել: Նրա խոսքով՝ առաջիկայում կկազմակերպվի խորհրդարանական լսումներ եւ կքննարկվեն Սեւանա լճին առնչվող բոլոր հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ խորհրդարանը պետք է ցուցաբերի պետական դիրքորոշում եւ գյուղատնտեսական հողերը հարկ է փրկել հնարավոր աղետից:

Արամ Հարությունյանն անդրադառնալով ոռոգման ջրի դեֆիցիտին եւ այն նվազեցնելու քայլերին, բարձրացրել է ոչ ոռոգման ժամանակահատվածում ջրի ամբարման եւ ջրամբարներում ջրհավաքի անհրաժեշտության հարցերը:

Լուիզա Սարգսյանը կարեւորելով քննարկվող հարցը, նշել է, թե անհարժեշտ է գտնել Սեւանից ջրառի խնդիրը հիմնովին լուծելու ճանապարհ։ Ըստ պատգամավորի, ոռոգման համակարգը գործում է ոչ արդյունավետ։ Նա առաջարկել է կառավարությանն անդրադառնալ ոռոգման ջրի սակագնին, քանի որ հանրապետությունում գնալով նվազում է մշակվող հողատարածքների քանակը, ինչը սակագնի բարձր լինելու հետեւանք է։

Ըստ Շաքե Իսայանի, ջրառը բացասական ազդեցություն է ունենում Սեւանա լճի վրա։ Պատգամավորն անդրադառձել է ջրի կորուստներին, կարեւորել Հայաստանից դեպի հարեւան երկրներ հոսող ջրերի ամբարման եւ հետվերադրձի խնդրի լուծումը։

«Ջրառը անհարժեշտություն է»,- նշել է Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորը խոսել է ջրի ոլորտի խնդիրներից, փաստել, թե համակարգի ներքին օղակներում կան որոշ անհատներ, ովքեր իրենց գործունեությամբ դժգոհություն են սերմանում կառավարության հանդեպ։ Ըստ պատգամավորի, պետական շահը պետք է լինի առաջնային։

Հակոբ Հակոբյանը նշելով, որ երկրի ոռոգման համակարգը կառուցված է Սեւանա լճից ջրառի հիման վրա, անհրաժեշտություն է համարել ջրի արդյունավետ օգտագործումը։ «Մենք ուրիշ ճանապարհ չունենք»,-ասել է պատգամավորը։

«Լրացուցիչ ջրառը խախտել է Սեւանի էկոհամակարգը, որն էլ իր հերթին վնաս է պատճառում տուրիզմի զարգացմանը»,- նշել է Սերգեյ Բագրատյանը։ Ըստ նրա, անհրաժեշտ են ջրի օգտագործման ճշգրիտ հաշվարկներ, որոնք կնպաստեն ջրի արդյունավետ օգտագործմանը։

 Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ջրային ռեսուրսները պետք է արդյունավետ օգտագործել։ Պատգամավորն անդրադարձել է Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների ոչ ամբողջ հզորությամբ օգտագործման խնդրին, հրատապ համարել նոր ջրամբարների կառուցումը, որպեսզի վերջնականապես լուծվի Սեւանից ջրառի հարցը։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է գյուղացուն ոռոգման ջրով ժամանակին ապահովելը։ Խմբակցության ղեկավարն ուշացած է համարել նախագծի ընդունումը։ Ըստ պատգամավորի՝ երկու ամիս ջուր չստանալով՝ հողօգտատգործողները կրել են վնասներ։ Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է կառավարությանը հաշվարկել եւ փոխհատուցել այդ վնասները։

Պատգամավորը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը։

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը կարեւորելով հարցի շուրջ քննարկումը, նշել է, որ խնդրի լուծման համար կառավարությունը պետք է լուրջ ծրագիր ներկայացնի։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահը եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար, անդրադարձել  պատգամավորների հարցադրումներին։

Նշվել է, որ խնդրո առարկայի վերաբերյալ առաջիկայում կանցկացվեն հանրային լսումներ։

Խորհրդարանը 68 կողմ, մեկ՝ դեմ ձայնների հարաբերակցությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։


28.08.2018
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ օգոստոսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մարտին Զոնեբորնը ծաղիկներ է խոնարհել 1915թ. Հայոց մեծ եղեռ...

28.08.2018
Հանդիպել են Արմեն Սարգսյանը եւ Արա Բաբլոյանը
Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նա...

28.08.2018
Տեղի է ունեցել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 28-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւ...

28.08.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:30-ին կայանալիք նիստի հեռարձակումը` այստեղ : ...

28.08.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 29.08.2018, ժամը 10:00, 114 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am