Տպել
28.08.2018
Տեղի է ունեցել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 28-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ներկայացրել է 2018թ. Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակը Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումն է: Առաջարկվում է 2018թ. Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 210 մլն մ3:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը, իր ելույթում կարեւորելով հարցի հրատապությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովում հնչած բանավոր առաջարկները կքննարկվեն առաջին ընթերցումից հետո: