Տպել
11.08.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ
1 / 1
«Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան մասին: Նա ծնվեց Հայաստանում, ապրեց Հայաստանից դուրս, բայց միշտ կապված մնաց իր հայրենիքին ու մեծ հետք թողեց ոչ միայն հայ քանդակագործական արվեստում, այլեւ իր մոնումենտալ ու մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններով յուրօրինակ հմայք հաղորդեց Երեւանի գեղեցիկ դիմագծին: Հայաստանի մայրաքաղաքն այսօր դժվար է պատկերացնել առանց Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, իսկ Գյումրին` առանց Ավետիք Իսահակյանի արձանների, որոնք Նիկողայոս Նիկողոսյանը կերտեց ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընկերակցությամբ: Միաժամանակ նրա բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Տրետյակովյան պատկերասրահում: Հայաստանում միշտ սիրել ու բարձր են գնահատել Նիկողայոս Նիկողոսյանի արվեստն ու կապվածությունը հայրենիքին, ինչի վկայությունն են նրան շնորհված Հայաստանի Հանրապետության ,Սուրբ Մեսրոպ Մաշտոցե եւ Հայ Առաքելական եկեղեցու ,Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպե շքանշանները: Հայրենի մշակույթի համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկողայոս Նիկողոսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: Վստահ եմ, որ Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործական ուրույն ոճն իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ քանդակագործական արվեստում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: