Տպել
04.08.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ
1 / 1
«Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն, ականավոր գիտնական, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Սերգեյ Համբարձումյանը հսկայական ավանդ ունի մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում, հեղինակ է շուրջ երկու հարյուր գիտական մեծարժեք աշխատությունների, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի քարտուղարի, գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոններում եւ տասնամյակների դասախոսական աշխատանքի ընթացքում նա մեծ ներդրում ունեցավ Հայաստանում գիտական կադրերի պատրաստման գործում:

Մեկ եւ կես տասնամյակ ղեկավարելով Երեւանի պետական համալսարանը` Սերգեյ Համբարձումյանը հսկայական աշխատանք կատարեց աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ հանրապետության մայր բուհի կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն ու հայագիտության զարգացման օջախ դարձնելու, ինչպես նաեւ նոր ֆակուլտետների հիմնադրման գործում:

Սերգեյ Համբարձումյանը որքան եռանդուն ու նպատակասլաց էր Հայաստանի գիտական կյանքի կազմակերպման գործում, նույնքան հաստակակամ կեցվածք ունեցավ որպես Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ նախագահության անդամ` Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում:

Կարծում եմ, չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը գիտական մի ողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշներից է եւ մեծ ու պայծառ հետք թողեց ոչ միայն հայկական եւ խորհրդային գիտության, այլեւ բոլորիս հիշողության մեջ:

Հայրենական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: