Տպել
31.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելլայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությանը: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` խորհրդարանական կառավարման Իտալիայի արդյունավետ փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություններն առավել ամրապնդում ու ջերմացնում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս հարցում Իտալիայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի քաղաքական փոփոխություններ կլինեն, հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել խթանելու Իտալիայի եւ Հայաստանի դարավոր բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը: Սերջիո Մատարելլան կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը նշել է, որ իրենք կաջակցեն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել սերտացմանը:

Հանդիպման ավարտին Սերջո Մատարելան գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:


31.07.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մ...