Տպել
24.07.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ
1 / 1

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հրադադար. մարդկային կորստի ցավ» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց որդիները կամ ամուսինները զոհվել են զինվորական ծառայության ընթացքում:

Կազմակերպության անդամները հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի հետ կապված մի շարք խնդիրներ՝ նշելով, որ այն արտոնությունները, որոնք սահմանված են այդ օրենքով եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, անբավարար են: Նրանք խնդրել են պատգամավորի աջակցությունը, որպեսզի խորհրդարանը քննարկի եւ փոփոխություններ կատարի օրենքում՝ ընդլայնելով սահմանված արտոնությունների շրջանակը:

Զոհված զինծառայողներից մայրերի խոսքով՝ անգամ սահմանված արտոնությունները շատ դեպքերում տարբեր պաշտոնյաներ հրաժարվում են տրամադրել:

Նաիրա Զոհրաբյանը հյուրերին խոստացել է ուսումնասիրել խնդիրը եւ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու նպատակով հանձնաժողովի նախագահը մտադիր է հարցը քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: