Տպել
17.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ առաջարկներ
1 / 4

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 17-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Հովակիմյանն ու Աղասի Եսայանը: ՀՀ ԱԺ խմբակցությունները եւ Կառավարության ներկայացուցիչը ներկայացրել են իրենց պատկերացումներն ընտրական համակարգի վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է քննարկել որոշակի մոդել, որը մարզային թեկնածուների ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն կտա: Ըստ նրա՝ գործող մոդելն ապաքաղաքականացրեց ընտրությունը եւ գաղափարական պայքարը վերածեց ռեսուրսների միջեւ պայքարի:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել 4 մոդել: ՀՀԿ խմբակցությունն առաջին մոդելով առաջարկում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով: Հաջորդ առաջարկով ընտրողը ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու հաջորդականությունը: Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին: Չորրորդ տարբերակով երկու քվեաթերթիկ է առաջարկվում ունենալ: «Սա կոմբինացված մոդել է: Ընտրողը կարող է ձայն տալ անձին մի կուսակցությունից, բայց կուսակցական քվեաթերթիկում այլ կուսակցության ընտրել»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Ըստ ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի՝ չորրորդ տարբերակն առավել նախընտրելի է եւ զերծ է առկա թերություններից:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վերահաստատել է, որ իրենք կողմ են բաց համամասնական ցուցակներով քվեարկությունն անցկացնելուն՝ հնարավորություն տալով ընտրողին՝ որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն: Ըստ նրա՝ հիմնական խնդիրը կուսակցության ներսում մանդատների բաշխումն է եւ իրենց առաջարկած մոդելի առավելությունն այն է, որ դա իրականացվում է ժողովրդի մասնակցությամբ: Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաեւ քվոտաների եւ պարզեցված ընտրակարգի խնդիրներին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենց եւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկները նույնն են: Ըստ նրա՝ գործող համակարգը գաղափարական պայքարի իրականացման հնարավորություն չի ընձեռել: Առաջարկվում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Նշվել է, որ կուսակցությունները պետք է ցուցակներն այնպես կազմեն, որ մարզային ներկայացվածություն ապահովեն:

Որոշվել է, որ խմբակցությունները մինչ հաջորդ նիստը գրավոր ներկայացնեն ընտրակարգի վերաբերյալ իրենց տարբերակները, որոնք կքննարկվեն աշխատանքային խմբի հաջորդ նիստում: Փոխհամաձայնեցված տարբերակը` որպես այլընտրանք, կուղարկվի Կառավարության համապատասխան հանձնաժողով:

Կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը համագործակցելու եւ առավել նախընտրելի մոդելների շուրջ քննարկումներ ծավալելու պատրաստակամություն է հայտնել:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին: Նիստը կնախագահի ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչը:


17.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հ...

17.07.2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ
«Հարգարժան պրոֆեսոր Մալայան, սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք: Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում: Առավել քան ո...