Տպել
17.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Արա Բաբլոյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները, կարեւորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Երկու պետությունների հարաբերությունների խորացման հարցում օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում:

Արա Բաբլոյանը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները շարունակական կլինեն:

Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ մեր երկրից հեռանում է լավ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը: Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ բազմադարյա կապերը կշարունակեն առավել զարգանալ ու ամրապնդվել:

Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...