Տպել
12.07.2018
Խորհրդարանն ավարտել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 12-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները, որոնցից մեկն առնչվել է վարչական համաներման համար հստակ իրավական հիմքեր ստեղծելուն եւ «ամնիստիա» բառը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն ընդունվել է: Առաջարկվել է նախագիծը լրացնել նոր՝ «Համաներումը» հոդվածով, ըստ որի վարչական իրավախախտում կատարած անձը «Համաներման մասին» օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:

Նախագծում ամրագրվել է, որ իրավավախախտում կատարած անձինք համաներման ակտն ուժի մեջ մտնելուց հետո կհամարվեն տույժի չենթարկված՝ անկախ նրանից՝ վճարում կատարել են, թե՝ ոչ:

Չեն ընդունվել պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն, համաներման կիրառման շրջանակը որոշ խախտումների դեպքում ընդլայնելուն, վաուչերային կանխավճարման համակարգի ներդրմանը եւ այլն:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է բարեխիղճ վճարող եւ չվճարող քաղաքացիների իրավահավասարության խնդրին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վիճակագրության եւ չափորոշիչների հստակեցման կարիք կա:

Իրենց տեսակետներն են հայտնել նաեւ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Միհրան Պողոսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նրանք անդրադարձել են արված առաջարկներին, կարեւորել բարեխիղճ քաղաքացիների նկատմամբ արդարացի մոտեցումը, նշելով հետագայում որոշ առաջարկներ վերանայելու անհրաժեշտությունը: Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը մասնավորապես անդրադարձել են հիվանդ դատապարտյալներին համաներում շնորհելու եւ բանկային ոլորտում համաներում անցկացնելու անհրաժեշտությանը:

Անփոփոխ տարբերակով քննարկվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը եւ այն 2018 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2019 թվականի հունվարի 1-ը:

Պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է կրկնապատկել դատապարտյալների համար սահմանված կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների ժամանակը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը : 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ուստի լրացումներով համապատասխանեցվում են վերոնշյալ իրավական ակտերի դրույթները:

Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հստակեցվել են որոշ եզրույթներ, ավելացվել է դրույթ, համաձայն որի դատարան կարող է դիմել ոչ միայն բռնության ենթարկված անձը, այլ նաեւ աջակցության կենտրոնը՝ անձի համաձայնությամբ: Այս դեպքում հայցադիմումին պետք է կցվի նաեւ անձի գրավոր համաձայնությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկման է ներկայացվել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը : ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ առաջարկներ չեն ստացվել:

Քննարկված նախագծերին ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ:

Սպառելով օրակարգը՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտել է աշխատանքը:


12.07.2018
Արմեն Աշոտյանը հորդորել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության ուսումնասիրությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել ...

12.07.2018
Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը: Էդուարդ Շարմազանովի գ...

12.07.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հուլիսի 12-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մի...

12.07.2018
«Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է լեհ պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման եւ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարինին եւ Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հա...

12.07.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...