Տպել
09.07.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Ռաֆայիլ Զինուրովի անձնական ներդրումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման հարցում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիան եւ Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ռաֆայիլ Զինուրովն իր հերթին կարեւորել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր եւ նորագույն պատմության ակնարկներ» խորագրով:


09.07.2018
Մարգարիտ Եսայանի ելույթը Ֆրանկոֆոնիայի ԽՎ 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ելույթ է ունեցել  Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում: «Հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ Ֆրանկոֆանիայի ԽՎ-ի լիագումար 44-րդ  նիստի անցկացման կապակցությամբ: Ֆրանկոֆոն աշխարհն այս տ...