National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
07.07.2018
Արա Բաբլոյանի ելույթը ՖԽՎ բյուրոյի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

«Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ երկու տարի կնախագահի այդ կազմակերպությունում:

Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում եւս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ:

Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները:

Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ:

Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը: 

Մեր նպատակն է, որ բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալահամերգը. այն տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին` պետական ճաշից առաջ:

Կազմակերպվելու է նաեւ «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները:

Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

ինչ վերաբերում է գագաթաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկվել եւ հաստատվել է «Ապրել միասին» թեման: «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը:

Ակնկալվում է նաեւ աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» պակտ ստեղծելու ուղղությամբ: Դրանում կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաեւ ահաբեկչությունը սնող արմատականացման ու բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարը: Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացին եւ իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

ի թիվս գագաթաժողովի շրջանակում կարեւոր միջոցառումների՝ կկազմակերպվի նաեւ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում: Նպատակն է խրախուսել գործարարների միջեւ շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների եւ հեռանկարների շուրջ:

Մեծապես կարեւորվում է ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կապերի ամրապնդումն ու հույս ունենք, որ Երեւանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին: Այլ կարեւոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը եւ այլն:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS