Տպել
01.07.2018
Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ
1 / 1

«Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ եւ վետերաններ,

շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում:

Ձեր սկզբունքային ու հետեւողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի եւ պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը:

Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը եւ երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված եւ բարդ ձեւեր է ընդունում անդրազգային հանցավորությունը: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները եւս ժամանակին կչեզոքացվեն, եւ ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով:

Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: