Տպել
30.06.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
1 / 8

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ  Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:

Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող  երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության կանխարգելման եւ սոցիալական ներառման (ինտեգրման)»  համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտների պատասխանատու օղակների շարունակական եւ համակցված աշխատանք: Արա Բաբլոյանի խոսքով` եթե պահպանվում է այդ կարեւոր սկզբունքը, հնարավոր է դառնում կանխարգելել հաշմանդամությունը, իսկ եթե անգամ հնարավոր չէ կանխարգելել այն,  ապա կյանքի ցիկլի վաղ փուլից սկսած հաշմանդամության  առկայությունը բացահայտելու,  անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում, համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին:  Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ առաջարկվող մոդելի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար երաշխավորվում են վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք պետության, համայնքի եւ ընտանիքի հովանու ներքո: Ըստ Արա Բաբլոյանի` մոդելի հիմքում ընկած է այնպիսի կարեւոր մոտեցում, ինչպիսին ընտանիքակենտրոն մոտեցումն է, երբ երեխայի` հասարակական կյանքին ամբողջական ինտեգրումը տեղի է ունենում ընտանիքի ակտիվ մասնակցությամբ:

ԱԺ նախագահը, ներկայացնելով մոդելը, շեշտել է, որ պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ենթադրվող ծառայությունները հասանելի լինեն նաեւ Երեւանից դուրս ու հատկապես հեռավոր շրջաններում:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրել է, որ 2017թ. բարեփոխվեց Ընտանեկան օրենսգիրքը եւ այն համապատասխանեցվեց ՀՀ նոր Սահմանադրությանը: Ըստ նշված բարեփոխումների` ներդրվեց «երեխայի լավագույն շահ» հասկացությունը եւ դրան համապատասխան առաջիկայում նկատելի կլինեն երեխաներին վերաբերող սոցիալական ծրագրերի փոփոխությունները: Հակոբ Հակոբյանը նշել է նաեւ, որ  հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է եւ արդեն աշնանն ամբողջովին կընդունվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծում մի շարք խնդիրներին տրվել են  լուծումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ կան բազմաթիվ անելիքներ ու թեեւ մի շարք ծառայությունների ապահովումը կարող է եւ ծախսատար լինել, սակայն պետք է կենտրոնացնել ջանքերն ու գտնել անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ըստ արժանվույնս բավարարելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարեւորել է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը: Հաշմանդամության եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման հարցում նախարարն ընդգծել է առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտների պատասխանատուների համատեղ ու համակարգված աշխատանքը: Նախարարը նաեւ շեշտել է, որ այս առումով համայնքներին տրվող լիազորությունների ընդլայնումը գործընթացի ամենակարեւոր մասերից մեկը պետք է լինի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարեւորել է ներառական կրթության զարգացումը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների նկատմամբ առանձնահատուկ մոտեցումն ու մասնագետների կողմից նրանց հետ իրականացվող աշխատանքը:  Նախարարը նշել է, որ հետեւողական աշխատանքների արդյունքում պետք է բացառվեն, օրինակ, այնպիսի դեպքերը, երբ հաշմանադամություն ունեցող երեխաների ծնողները պատշաճ չեն իրազեկվում ներառական կրթության եւ վերականգնողական ծրագրերի առավելությունների ու հնարավորությունների մասին:

Խորհրդակցությանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը ներկայացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին պատմող հոլովակ:

Եզրափակիչ խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումն` ընդգծելով, որ քննարկման ընթացքում վերհանվեցին մի շարք խնդիրներ եւ առաջարկվեցին կոնկրետ լուծումներ: Ըստ նրա` այս ձեւաչափով հանդիպումը միջգերատեսչական համագործակցության լավագույն օրինակ է:

          Խորհրդակցության արդյունքում որոշվել է`

*Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ,  կառավարության համապատասխան օղակներում, ինչպես նաեւ այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով` Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով,

*Պետական մարմինների միջեւ արդյունավետ համակարգում իրականացնելու համար Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել ՀՀ փոխվարչապետին, 
 
* Աշխատանքներ իրականացնել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին անհրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ,

*Ուշադրություն դարձնել եւ ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների եւ համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն,

*Առանձնակի ուշադրություն հատկացնել հաշմանդամության կանխարգելման ծրագրերին ու ռազմավարություններին` կարեւորելով հատկապես վերարտադրողական ու սեռական առողջությանն ուղղված կրթական, ինչպես նաեւ նորածնային սկրինինգային ծրագրերը,

*Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ընտանիքներում մնալու եւ հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ:
 


30.06.2018
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին,  ՀՀ  Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...