Տպել
29.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին  հայ-շվեդական հարաբերությունների զարգացման  գործում ունեցած ջանքերի  համար:

Կարեւորելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Նա  հույս է  հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել  խորացման համար:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը:

ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք  է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ  հարաբերությունների հետագա  ընդլայնմանը:

Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, եւս կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը:

Արա Բաբլոյանը Մարտինա Քուիկին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում: