Տպել
26.06.2018
Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում: Ելույթը ստորեւ.

«Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ,

քննարկվող ժամանակաշրջանում Հայաստանը եղել է Վեհաժողովի եւ ընդհանրապես եվրոպական քաղաքական հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ նշանավորելով հայաստանյան ժողովրդավարության ուժն ու հասունությունը: Այն հնարավոր դարձավ շնորհիվ ինչպես զանգվածային հանրահավաքների կազմակերպիչների, այնպես էլ նախկին իշխանությունների պատասխանատվության եւ հանձնառության ընդգծված ընկալման: Սա եւս մեկ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մահոգված էին հայաստանյան ժողովրդավարության ապագայով:

Ակնհայտ է, որ հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ եւ երաշխավորելու իր անշրջելիությունը: Յուրաքանչյուր հնարավորություն միեւնույն ժամանակ նաեւ մարտահրավեր է: Ես իսկապես հուսով եմ, որ միասնության, հույսի եւ լավատեսության ալիքը, որ համակել է հասարակության լայն շերտերի, չի կասեցվի լավ չմտածված գործողություններով, որոնք մոտենում են մի կողմից օրինականության ապահովման եւ քաղաքական հետապնդումների նուրբ սահմանին, մյուս կողմից՝ նոր կառավարությանը հանրային լայն աջակցություն ապահովելու եւ քայլերի, որոնք կարող են որակվել որպես լրատվամիջոցների ազատության ճնշում՝ մղելու ինքնագրաքննության կամ լռության կրկին նուրբ սահմանին: «Հրապարակ» օրաթերթի դեմ զանգվածային եւ լավ կազմակերպված արշավը, որում ներգրավված են նաեւ կառավարության պաշտոնյաներ, մտահոգիչ է, եւ այս դահլիճից ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանն արձագանքելու այս խնդրին եւ դիրքորոշելու իրեն որպես լրատվամիջոցների ազատության աներկբա աջակից:

Հավատացած եմ, որ նոր կառավարությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանը ժողովրդավարության իր ճանապարհին հուսալի այլընտրանք չունի, որտեղ լրատվամիջոցների ազատությունն ունի անկյունաքարային նշանակություն:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունն էականորեն ավելացրել է մեր մտահոգություններն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան եւ միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ:

Գործընկերնե?ր, շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը եւ մեր մայրցամաքի հարավարեւելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: Վեհաժողովը եւ անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, եւ այն պետք է կանխվի:

Ցանկանում եմ այստեղից հստակ ուղերձ հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգնեցվի եւ համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, եւ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաեւ ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ եւ հայաստանյան քաղաքական ուժերի միջեւ առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, եւ մենք լինելու ենք միասնական ու համերաշխ, լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը եւ ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին:

Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»,-ասել է Սամվել Ֆարմանյանը:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...