National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
19.06.2018
Հանդիպել են Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հունիսի 19-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։

Բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով ֆրանսիացի գործընկերներին խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ են. Ֆրանսիան Հայաստանի համար ամենահարազատ երկրներից մեկն է: Ըստ Արմեն Ռուստամյանի` բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական դարերից եկող պատմական կապերն առավել զարգացնելու, դրանք կոնկրետ գործերով հարստացնելու գործում: Այս համատեքստում պատգամավորն արժեւորել է ֆրանսիական պատվիրակության այցը կառավարման խորհրդարանական համակարգի անցած եւ փոփոխությունների ուղին բռնած Հայաստան:

Արմեն Ռուստամյանը կարեւորել է Ֆրանսիական պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության մեծ փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը մեր երկրում:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը գերակա արժեքներից է մեզ համար՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,-ասել է բարեկամական խմբի ղեկավարը։ Նրա խոսքով` կա մեծ ներուժ ներդրումներ կատարելու եւ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու համար, ինչին պետք է նպաստեն նաեւ խորհրդարանական  բարեկամական խմբերը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժակ Մարիլոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է  տնտեսական փոխգործակցության խթանումը: Ըստ նրա` ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու հատկապես երիտասարդ ֆրանսիացի գործարարներին` ներդրումներ կատարել Հայաստանում:

Ֆրանսիացի խորհրդարանականը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաեւ  Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դանիել Կազարյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները դրական արձագանք են գտել միջազգային հանրության շրջանում: Նրա խոսքով` քաղաքական ու տնտեսական նոր իրավիճակը նոր ներդրումների հնարավորություն է բացում Հայաստանի համար։

«Ներկայում եւ ապագայում մենք կլինենք Հայաստանի աջակիցն այս հարցում»,-հավաստիացրել է ֆրանսիացի պատգամավորը:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում կարեւորել են երկկողմ խորհրդարանական փոխգործակցությունը: Ընդգծվել է հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում:
 
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS