Տպել
19.06.2018
Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շթորյոհանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հունիսի 19-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շտորյոհանի հետ:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Գեւորգ Կոստանյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ հարաբերությունների բնույթն ու համագործակցության դինամիկան՝ նշելով, որ հարաբերությունները դեռեւս ունեն զարգացման մեծ ներուժ: Նա ներկայացրել է սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում իրականացված քայլերը, իր ղեկավարած հանձնաժողովի գործառույթները, աշխատակարգը: Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությանը՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել համատեղ իրականացվող աշխատանքը, կառույցի գործունեությունը:

Գերո Շթորյոհանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մեծապես կարեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ կառուցողական գործունեությունը: Նա պատրաստակամություն է հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու հարաբերությունների խթանման համար: Գերո Շթորյոհանը ներկայացրել է Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի գործառույթները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններին, խորհրդարանական վերահսկողությանը, դիմում-բողոքների ներկայացման ընթացակարգերին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը: