National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.06.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել նախորդ օրն ընդհատված «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Հանձնաժողովի նախագահին ուղղված հարցերը վերաբերել են մալուխային հեռուստաընկերությունների գործունեությանը, լիցենզիայի տրամադրմանը, շահումով խաղերի ու խաղատների գովազդին, հեռուստաընկերությունների գործունեության անկախությանը, «Ա1+» հեռուստաընկերության վերահեռարձակմանը:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ հաղորդման վերաբերյալ

Արամ Սարգսյանը, անդրադառնալով «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր տրամադրելուն, նշել է, որ վերջինիս փակումը հարված էր հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներին: Պատգամավորը, ժողովրդավարության եւ չորրորդ իշխանության կայացման հարցում կարեւորելով «Ա1+»-ի վերահեռարձակումը, նշել է, որ պետք է փոխհատուցվեն հեռուստաընկերության կորցրած գումարները եւ հեռարձակվելու թույլտվություն տրվի առանց մրցույթի մասնակցելու:

Տիգրան Ուրիխանյանը խոսել է հեռուստաընկերություննների գործունեության անկախությունից` հույս հայտնելով, որ նոր իշխանությունները կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Անդրադառնալով հեռուստածրագրերի բովանդակությանը` Արարատ Զուրաբյանը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հորդորել է վերանայել հեռուստահաղորդումների եթերային համապատասխանության հարցը: Նա եւս կարեւորել է «Ա1+» հեռուստաընկերության վերահեռարձակումը:

Վահե Էնֆիաջյանն էլ իր ելույթում խոսել է Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրների վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկությունների մասին:

Խոսրով Հարությունյանի կարծիքով` հեռուստաընկերությունների կաշկանդված լինելը պայմանավորված է վերջիններիս լիցենզավորման ժամկետներով: Պատգամավորը կարեւորել է առաջիկայում օրենսդրական փոփոխությունը, որով կվերացվեն հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները:

Ըստ Հայկ Կոնջորյանի` հեռուստատեսությունը հասարակության հայելին է եւ այս առումով կարեւոր է հեռուսատեսության եւ հանրության միջեւ անջրպետի վերացումը: Ըստ նրա` պետք է դաշտն ազատականացնել եւ վերանայել հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, ամփոփիչ ելույթում անդրադառնալով պատգամավորների ելույթներին, նշել է, որ չնայած ոլորտում առկա խնդիրներին` Հայաստանում հեռուստաընկերությունները կայացած են եւ դինամիկ զարգանում են:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածության քվեարկությունը, որին 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 36 պատգամավոր, դեմ՝ 17: Այսպիսով՝ Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին« տարեկան հաշվետվությունը:

Նախարարը ներկայացրել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական բյուջեի եկամուտները, ծախսերն ու պակասուրդը, նշել այն գործոնները, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել արձանագրված տնտեսական աճի համար:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ այս հարցում կարեւոր նշանակություն է ունեցել պղնձի եւ նավթի գների աճն աշխարհում:

2017 թվականի համար կանխատեսվել էր ունենալ 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն սպասելիքները գերազանցվել են եւ տարեվերջին այն կազմել է 7,5 տոկոս: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` մեր երկրում տնտեսական աճը շուրջ երկու անգամ ավելի բարձր է եղել, քան համաշխարհային տնտեսությունում, Եվրամիության եւ ԵԱՏՄ երկրներում: Այս հարցում դրական ազդեցություն են ունեցել Ռուսաստանից Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտներն ու դրամի արժեւորումը ռուբլու նկատմամբ, վարկավորման ծավալների աճը, այլ գործոններ:

Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը՝ 195 000 դրամ, գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 17,8 տոկոս, արտահանումն աճել է 22,1, ներմուծումը՝ 28,8 տոկոսով:

Կանխատեսվել էր եկամուտների 1 տրիլիոն 210 մլրդ դրամի ֆինանսական ցուցանիշ, որի ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 320,9 մլրդ դրամ:

Ծախսերը կանխատեսվել էին 1 տրիլիոն 360 մլրդ դրամի չափով, ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 561 մլրդ դրամ: Սրա 27,3 տոկոսը հատկացվել է սոցիալական ծախսերի իրականացմանը:

Բյուջեի պակասուրդը կազմել է 240 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է ներքին եւ արտաքին աղբյուրներից:

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի վերջին ունեցել է 6 մլրդ 775 ԱՄՆ դոլարի մեծություն, որից ՀՀ կառավարության պարտքը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Ամփոփելով զեկույցը՝ ՀՀ ֆինանսների նախարարն ընդգծել է, որ հաշվետու տարում չի եղել որեւէ ծրագիր, պետական մարմինների կողմից ստանձնված որեւէ պարտավորություն, որը չի իրականացվել կամ չի ծառայել իր նպատակին:

Նախարարին ուղղվել են հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են բյուջետային ծախսերի արդյունավետությանը, տնտեսության աճի վրա ազդեցություն ունեցած գործոններին, շահութահարկի իջեցման հնարավորությանը, արտաքին պարտքի սպասարկմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ: Նա եւս ներկայացրել է այն գործոնները, որոնք դրական աղդեցություն են ունեցել տնտեսության զարգացման վրա, անդրադարձել իրականացված զսպող հարկաբյուջետային քաղաքականությանը, դրամավարկային քաղաքականությանը, կարեւորել արտահանմանն ու ներմուծման խթանմանն ուղղված կառավարության քայլերը:

Հարակից զեկույցում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ իր գլխավորած կառույցի եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատն արձանագրած 8 հիմնական խնդրի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ: 2008 թվականից ի վեր առաջարկվել է պետական բյուջեում արտացոլված բոլոր վարկային ու դրամաշնորհային միջոցները շրջանառել գանձապետական միասնական հաշվով, այլ ոչ թե առեւտրային բանկերով: Կառավարությունը, ընդառաջ գնալով առաջարկությանը, վարկային ու դրամաշնորհային միջոցների մի մասը սկսել է շրջանառել այդ եղանակով: Հաշվեքննիչ պալատն առաջարկել է պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերի շրջանառությունը եւս տեղափոխել գանձապետական համակարգ, սակայն մինչ օրս, չնայած իրականացված օրենսդրական փոփոխություններին, դրանց հաշիվները փաստացի առեւտրային բանկերով են իրականացվում:

Հաշվեքննիչ պալատն առաջարկել է բարձրացնել ոչ ֆինանսական ցուցանիշների պլանավորման ու կատարման ընթացքի նկատմամբ հետեւողականությունը, «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում ներառել նաեւ արտաբյուջետային ելքերն ու մուտքերը՝ հնարավորություն տալով արտաբյուջետային միջոցների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացում նաեւ պլանավորման մակարդակում:

Լեւոն Յոլյանն ընդգծել է, որ տարեկան հաշվետվության թվերն արժանահավատ են, իսկ օրենքով սահմանված պահանջները՝ կատարված:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ ներկայացված հաշվետվությունն առանձնահատուկ է, քանի որ 100 տոկոսանոց ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա չներկայացված վերջին բյուջետային փաստաթուղթն է: Զեկուցողն ընդգծել է, որ հաշվետու տարում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7,5 տոկոս աճ եւ հավելել, որ 2007 թվականից հետո նման բարձր տնտեսական աճ մեր երկիրը չի արձանագրել: Նրա խոսքով՝ տնտեսական աճը պայմանավորված է ինչպես հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի արագացմամբ, այնպես էլ ներպետական զարգացումներով:

«Հատկանշական է, որ 2017 թվականին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գերազանցել է ոչ միայն ԵԱՏՄ գործընկեր երկրների, այլ նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսական աճի ցուցանիշները»,-նշել է Գագիկ Մինասյանը: Հանձնաժողովը հաշվետվության վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ 2017 թվականը նշանակալի տարի էր զինված ուժերը սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայի միջոցներով համալրելու տեսակետից, ինչն իրականացվել է պետական բյուջեի եւ ՌԴ-ի հետ կնքած վարկային համաձայնագրի շրջանակում: Հանձնաժողովի եզրակացությամբ՝ հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերն օրինական են ու հիմնավոր:

ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն անդրադարձել է հաշվետու տարում արձանագրված 7.5 տոկոս աճի բովանդակությունն ու որակը գնահատելու խնդրին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ չնայած կառավարության ձեռնարկած ջանքերին՝ այդ աճը ներառական բնույթ չստացավ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման խնդրին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ռիսկերին: Նա կարեւորել է նոր իրողությունների պայմաններում աշխատանքի այլ ձեւաչափով կազմակերպումը:

Եզրափակիչ ելույթում Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


13.06.2018
«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ԵՀԿ անդամների հանդիպումն Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հանդիպել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների հետ: Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ պատգամավորը կարեւորել է տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում նման...

13.06.2018
ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին: Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի կառու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am