National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.06.2018
Խորհրդարանը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

ՀՀ ԱԺ նախագահը նախ տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է արձանագրություն, ըստ որի ՀՅԴ կուսակցության համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է նույն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորը երդվել է:

ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ բանախոսի՝ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք ու հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն:

Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության համար ուղենշային հիմնախնդիրներին: Դրանք են՝ իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը, քաղաքացիական համերաշխությունը: Նրա համոզմամբ՝ այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բարձրացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործնական առումով կարեւորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Դրանք պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում. այս ժամանակացույցը ժողովրդին, քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության եւ իշխող թիմի գործունեության արդյունքների վրա:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար հայրենիք վերադարձած երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, նրանց նկատմամբ որեւէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայությունն իրականացնել զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում: Նա ընդգծել է, որ վերագործարկվելու է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը, վերականգնվելու է Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը, ընդ որում, Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին հակադարձվելու են ինովացիոն տեխնոլոգիաներն ու միտքը:

Գործնական քայլեր են կատարվելու՝ վերացնելու համար արհեստական տնտեսական մենաշնորհները՝ ապահովելով ներդրումային բարենպաստ միջավայր: Ըստ բանախոսի՝ միջազգային տարբեր կազմակերպություններ, գործընկեր պետություններ արդեն իսկ լրջագույն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումը, աղքատության կրճատումն ու հաղթահարումը, մարդկանց բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:

Կարեւորելով Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա:

Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների հետ: Ջանքեր են գործադրվելու Իրանի, Վրաստանի, Չինաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը:

Ըստ բանախոսի՝ շարունակելու են ջանքեր գործադրվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը կարեւորել է հանրային համերաշխության հաստատումը՝ ընթացիկ ժամանակաշրջանի կարեւորագույն խնդիրներից ընդգծելով 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը:

Կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը համարելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հարցն ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, եւ կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի:

Մյուս կարեւորագույն մարտահրավերը հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակն է, որի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիները մտահոգություններ ունեն: Ըստ բանախոսի՝ կառավարությունը վճռականորեն արձագանքելու է բոլոր մտահոգություններին, որովհետեւ խոսքն ազգային հարստության մասին է, եւ բոլորը պետք է համոզված լինեն, որ այդ հարստության շահագործումը տեղի է ունենում խելամտության եւ օրենքների սահմաններում, առանց շրջակա միջավայրին անհամաչափ ու անվերականգնելի կամ անփոխհատուցելի վնաս հասցնելու, ինչպես նաեւ Հայաստանի ռազմավարական շահերի հաշվառումով:

Անկյունաքարային նշանակություն ունի դատական անկախ համակարգի գոյությունը եւ վարչապետի բնորոշմամբ՝ ահռելի աշխատանք պետք է կատարվի դրական արդյունքի հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ հայրենադարձության կազմակերպման խնդրին: Ըստ նրա՝ այս գործընթացի նախանշաններն արդեն իսկ առկա են, բայց եւ առավել մեծ ծավալներ ապահովելու համար պետք է հնարավորություն ունենալ Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավել Սփյուռքի լավագույն ներուժը:

«Մենք գտել ենք հաջողության հասնելու անառարկելի բանաձեւը. դա հավատն է սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ եւ ծառայության նվիրական զգացումը: Հայաստանն ազատ, հզոր եւ երջանիկ պետություն դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ եւ ոչ ոք: Մենք հաջողել ենք եւ հաջողելու ենք, որովհետեւ ունենք ամենակարեւորը՝ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի, սեփական իշխանության նկատմամբ: Մենք ոտք ենք դրել անհավանականը եւ անհնարինը իրականություն դարձնելու ճանապարհի վրա եւ այդ ճանապարհով քայլելու ենք անշեղորեն, քայլելու ենք վստահ, քայլելու ենք մինչեւ վերջ...»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են զինված ուժերին, սպառազինությանը, արտաքին քաղաքականությունում որդեգրած գլխավոր հենակետային ուղղություններին, Ազգային անվտանգության ծառայության համակարգային փոփոխությանը, ժողովրդագրությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցին, Ընտրական օրենսգրքում ակնկալվող փոփոխություներին, աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացմանը, ստվերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքներին, առողջապահությանը, գազի, էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը, այլ ոլորտների:

Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: «Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, չկա կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ՝ նաեւ քաղաքական պատասխանատվություն»,-շեշտել է նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ նախկին իշխանությունները նորանշանակ կառավարությանը փոխանցել են երկիր, որն արձանագրել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ: «Որն է տնտեսական զարգացման ձեր ցուցանիշը»,-հետաքրքրվել է Էդուարդ Շարմազանովը, ում խոսքով՝ ծրագրում չկան հստակ դրույթներ նաեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել նորանշանակ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ուղղությունները, սակայն տարակուսանք հայտնել, որ ծրագրում որեւէ հիշատակում չկա Եվրամիության անդամ որոշ երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին: Ըստ նրա՝ չկան դրույթներ նաեւ սահմանամերձ համայնքների զարգացման եւ դրանց անվտանգության ապահովման, հայագիտության, ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենադարձներին աջակցության, այլ կարեւոր հարցերի մասին:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ծրագրի վերաբերյալ ՀՀԿ տեսակետներին եւ այդ համատեքստում քննադատել ՀՀ նախկին կառավարությունների գործունեությունը, ներկայացրել չկատարված խոստումները, անդրադարձել աղքատության, գործազրկության չափերին, աշխատատեղերի, ներդրումների կրճատմանը, նվազագույն աշխատավարձին: Ըստ նրա՝ քննարկվող ծրագրի նպատակը մեկն է՝ քանդել կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար պայմաններ եւ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու ծրագրին:

Ըստ Սպարտակ Սեյրանյանի` քննարկվող փաստաթուղթը տեսլական է: Պատգամավորի գնահատմամբ` կառավարության ծրագրի իրականացման ընթացքում կարեւոր են միջանկյալ արդյունքների ներկայացումը, կառավարության կայացրած որոշումների նկատմամբ ներքին վերահսկողության իրականացումը եւ պարբերական հաշվետվողականությունը:

Ռուզաննա Առաքելյանի կարծիքով` կառավարության ծրագրում պետք է ամրագրվեն հայրենադարձությանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված հայեցակարգերի, ծրագրերի հստակ մոտեցումներ, որոնք հիմք կհանդիսանան ապագա գործունեության համար:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի` ծրագիրը միտված է կրթական, սոցիալական, առողջապահական ոլորտները բարելավելուն: Պատգամավորը գործընկերներինկոչ է արել վստահել ժողովրդի նախընտրած կառավարությանը եւ աշխատելու հնարավորություն տալ:

Արամ Սարգսյանի խոսքով` մեր երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն իրականացրել է ժողովուրդը: Ըստ նրա` պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդն ու նրա աջակցությունը վայելող կառավարությունը հաջողության հասնեն:

Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ ներկայացված ծրագրում ամրագրված ուղենիշերը հնարավորություն կտան երկրում սկսված բարեփոխումներն անշրջելի դարձնել, խորացնել ու ավարտին հասցնել: Նա փաստել է, որ ՀՅԴ-ն աջակցելու է, որպեսզի կառավարությունն իր ծրագրի կատարման ընթացքում հաջողի:

Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ այնտեղ չկան հստակեցումներ արդյունաբերության ճյուղերի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաեւ մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը , կողմ արտահայտվելով ներկայացված ծրագրին, անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, զբոսաշրջության ու լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը, մանր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, քաղաքացիների նկատմամբ կիրառված տույժերի ներմանը:

ԱԺ փոխնախագահը կառավարությանն առաջարկել է գազի եւ էներգետիկայի ոլորտները ուսումնասիրելու նպատակով ստեղծելքննիչ հանձնաժողով եւ այս հարցում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է ծրագրի այն բաղադրիչներին, որոնք առնչվում են մասնավորապես մեր երկրիներքին եւ արտաքին օրակարգի խնդիրներին:

Գագիկ Մինասյանի գնահատմամբ` կառավարության ծրագիրը ենթադրում է պետության զարգացման համար անհրաժեշտ նպատակների սահմանում, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներ եւ անհրաժեշտ ժամանակահատված, մինչդեռ ներկայացված ծրագիրը չի արտացոլում վերոնշյալ պահանջները:

Արարատ Զուրաբյանի կարծիքով` կառավարության գործունեության ծրագիրը քաղաքական է եւ ինքը կաջակցի դրա իրականացմանը: Նա կարեւորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավորինս սեղմ ժամկետում:

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ քննարկվող փաստաթուղթը մեր երկրի կյանքում նոր քաղաքական կարեւորագույն գործընթացի սկիզբ պետք է դնի: Պատգամավորը, անդրադառնալով ծրագրի որոշ դրույթների, խոսել է կոռուպցիայի եւ մենաշնորհների վերացման, վերահսկող մարմինների կառավարման լիազորությունն ընդդիմությանը տալու, բժշկական ապահովագրության ներդրման, Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտության մասին:

Վահե Էնֆիաջյանը խոսել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ծրագրային 15 կետերի, տնտեսական մենաշնորհների ու արդարության պակասի մասին: Պատգամավորն անդրադարձել է երկրի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրներին՝ նշելով, որ կառավարությունը ճկուն քաղաքականություն է վարելու:

Նախորդ կառավարությունների գործունեությանը, արտագաղթին, աղքատությանը, պետական պարտքի ավելացմանն իր ելույթում անդրադարձել է Հայկ Կոնջորյանը: Պատգամավորի խոսքով՝ նոր կառավարության գործունեության կարեւորագույն երաշխիքը քաղաքական կամքն է եւ ՀՀ քաղաքացին:

Էդմոն Մարուքյանը ծրագրային ուղերձներից կարեւորել է իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը, արդարացի կերպով հարկերի, պարտադիր վճարների ու տուրքերի հավաքագրումը: Նա կոչ է արել գործընկերներին աջակցել կառավարությանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ԸՕ-ի փոփոխությունների ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ներկայացրել է ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ իրենք պատրաստ են մասնակցելու ԸՕ-ում փոփոխություններ կատարելու աշխատանքներին՝ ունենալով ակնկալիք, որ այդ փոփոխությունների քննարկումը եւ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է գործող օրենսգիրքը: Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ գործող ԸՕ ընդունվել է քաղաքական համաձայնության արդյունքում, եղել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիք-եզրակացությունը, որում հստակ ընդգծվել է, որ գործող ԸՕ պատշաճ հիմք է ստեղծում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար:

«Պետք է հավատարիմ մնանք այդ չափանիշին, հայցենք Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը, ստանանք դրական եզրակացություն եւ պատշաճ կերպով կազմակերպենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք այդ չափանիշից, դա Հայաստանի Հանրապետության համար կլինի նահանջ ստանձնած պարտավորություններից»,- կարծիք է հայտնել ԱԺ նախագահի տեղակալը:

Արփինե Հովհաննիսյանը ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել եւ բարի երթ մաղթել նոր կառավարությանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ կառավարության ծրագիրը ձեւով եւ բովանդակությամբ աննախադեպ է, քանի որ կրում է երկրում տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխության կնիքը եւ որպես հետեւանք կարեւորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձեւավորելուն ուղղված նպատակները: Խմբակցության ղեկավարը կառավարության գործունեության փաստաթուղթը որակել է հայեցակարգային դրույթներ արտացոլող անցումային ծրագիր: Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ նա կարեւորել է դրա պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ իրավաքաղաքական պայմանների ապահովումը եւ Սահմանադրության ու օրենքներով նախատեսված ընթացակարգերի անշեղ կատարումը:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՝ նշելով, որ կառավարությունը կներկայացնի ծրագրից բխող գործողությունների ու միջոցառումների իրականացման ժամկետներ: Նրա գնահատմամբ՝ հիմնարար ու արժեքային փաստաթուղթ է ներկայացված:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով նախորդ կառավարության գործունեությանը: Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք կողմ են ԸՕ-ի վերանայմանը: Խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության, մշակեն ձեւաչափ ու համաձայնության դաշտում ԸՕ-ի բարեփոխումների նպատակով քննարկումներ սկսեն, որին կմիանա նաեւ ստեղծվելիք կառավարության հանձնախումբը, կմշակվի ճանապարհային քարտեզ: Նրա գնահատմամբ՝ աա է ժողովրդավարական երկրին հարիր ԸՕ-ի քննարկման ճանապարհը եւ պետք է ունենալ միջազգային հանրության համար ընկալելի Ընտրական օրենսգիրք:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ այն պետք է պարունակի ոչ միայն նպատակներ, այլ նաեւ դրանց հասնելու ուղիներ, մինչդեռ ծրագիրը կազմված է անորոշ հայտարարություններից ու ժողովրդահաճո ձեւակերպումներից: Նրա գնահատմամբ՝ ծրագրում որեւէ ցուցանիշի, նաեւ որեւէ ակնկալվող չափելի արդյունքի բացակայությունը հիմք է եզրակացնելու, որ կառավարությունը խուսափում է կոնկրետ պատասխանատվություն ստանձնելուց:

«Մենք դեմ ենք կառավարության ծրագրին ներկայացված տեսքով, սակայն նոր ձեւավորվող կառավարության գործունեությանը չխոչընդոտելու նպատակով քաղաքական որոշման արդյունքում ՀՀԿ խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծրագրի ձեւի ու բովանդակության վերաբերյալ որոշ քննադատությունների ու պարզաբանումներ ներկայացրել:

«Սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է: Այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու ու երազանքներն իրագործելու իրավունքը: Սա մեր կառավարության գործունեության ամենակարեւոր կողմն է»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծրագրի ընդունման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր ելույթում հնչած եւ ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան:


07.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 7-ին ընդունել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» («International Republican Institute») կազմակերպության Եվրասիական բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսին, Վրաստանում տարածաշրջանային տնօրեն Անդրեա Քիրբսին եւ Եվրասիական բաժնի ծրագրի ղեկավար Պրեսթոն Լինդլերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am