Տպել
05.06.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
1 / 16

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ առողջապահության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների գործունեությանը:

Նշված ոլորտների ֆինանսական ցուցանիշները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ հաշվետու տարում առողջապահության ոլորտում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են 83.2 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 97.1%-ը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` 2017թ-ի պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Կատարված հատկացումները կազմել են շուրջ 409 մլրդ դրամ` ապահովելով 99% կատարողական:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ հաշվետու տարում իրականացվել է 91 ծախսային ծրագիր, որի ֆինանսավորումը կազմել է 358,7 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 2016թ-ի համեմատ առողջապահության ոլորտի ծախսերը նվազել են 6.1%-ով կամ 5.4 մլրդ դրամով` պայմանավորված արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ծախսերի նվազմամբ:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2017 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ֆինանսական ցուցանիշները:

Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում ճշտված պլանով նախատեսված է եղել 124.8 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 99.64 տոկոս: ԿԳ նախարարությանը հատկացվել է շուրջ 42.7 մլրդ, կատարողականը կազմել է 97.06 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 72 ծրագիր:

Գիտության բնագավառի համար նախատեսվել է շուրջ 14.2 մլրդ դրամ միջոցների օգտագործում, որի կատարողականը կազմել է 99 տոկոս կամ 14.1 մլրդ դրամ: Գիտական ու գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների պահպանման համար օգտագործվել է շուրջ 8 մլրդ դրամ:

ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի համար նախատեսված 13.3 մլրդ դրամի ճշտված ծրագրի դիմաց արձանագրվել է 99 տոկոս կատարողական:

Մշակույթի նախարարության համար նախատեսված շուրջ 12.6 մլրդ դրամի ֆինանսական միջոցների դիմաց արձանագրվել է 99.33 տոկոս կատարողական: 45 ծրագիր է իրականացվել:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար հատկացվել է շուրջ 5.7 մլրդ դրամ. կատարողականը կազմել է գրեթե 99 տոկոս: Իրականացվել է 39 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս լրացուցիչ միջոցներ են օգտագործվել:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսվել է շուրջ 267 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է պահպանման ծախսերին:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության գործունեության համար նախատեսվել է ճշտված ծրագրով 6.6 մլրդ դրամ. արձանագրվել է 99.9 տոկոս կատարողական: Իրականացվել է 11 ծրագիր:

Այնուհետեւ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են իրականացված ծրագրերին եւ արձանագրված արդյունքներին:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեից կրթությանը հատկացված միջոցներից 725 մլն դրամն ուղղվել է նախադպրոցական կրթությանը` ապահովելով ծրագրային ցուցանիշի 99.8% կատարողական եւ 8.9%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Տարրական, հիմնական եւ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բնագավառներում հանրակրթական ուսուցման ծախսերը կատարվել են 100%-ով` կազմելով 74.8 մլրդ դրամ, որից 26.3 մլրդ դրամը կազմել են տարրական, 35 մլրդ դրամը՝ հիմնական, 13.5 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծախսերը: Հանրակրթության համակարգում 2017 թ. գործել է 1374 դպրոց: Միջին մասնագիտական կրթության ոլորտում 6.5 մլրդ դրամ է տրամադրվել ուսանողական նպաստների, 624.3 մլն դրամ` միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակների վճարմանը: Նախարարը նշել է, որ այս ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր: Նշված երկու ծրագրերը կատարվել են համապատասխանաբար 99.6%-ով եւ 99.8% ով:

12 մլրդ դրամ տրամադրվել է բարձրագույն կրթության բնագավառին, որից ավելի քան 11.1 մլրդ դրամը բարձրագույն մասնագիտական կրթության, 852.2 մլն դրամը` հետբուհական մասնագիտական կրթության ծախսերն են: Հաշվետու տարում 1.2 մլրդ դրամ է տրամադրվել լրացուցիչ կրթությանը` կազմելով ծրագրված ցուցանիշի 97.1%-ը: Նախորդ տարվա համեմատ լրացուցիչ կրթության ծախսերը նվազել են 14.6%-ով:

ԿԳ նախարարի խոսքով՝ հաշվետվությունում առկա են ուսումնասիրության կարիք ունեցող խնդիրներ, որոնցից են գերազանցության ծրագրի, աշակերտների ամառային հանգստի կազմակերպման, վերապատրաստումների համար տրամադրվող հատկացումների հարցերը:

Ներկայացնելով ծրագրային ցուցանիշները՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ 13 թանգարաններ ստեղծել են հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: «Լոֆթ» եւ «Յուքոմ» ընկերությունների հետ շարունակվել է Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի հավաքածուների թվայնացման գործընթացը: Հայերենի տարածմանը խթանելու նպատակով աջակցություն է ցուցաբերվել մի շարք հեռուստածրագրերի, իրականացվել են թատերահամերգային ծրագրեր: Մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվել է «Մշակութային կանգառ» միջոցառումը: Կազմակերպվել են ցուցահանդեսներ, Հայաստանի մշակույթի օրերին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել արտերկրում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը նշել է, որ նախարարությունը 2017 թ. նպատակային գործունեություն է ծավալել հանրապետությունում ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքների որակը բարելավելու, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում մարզիկների հաջող մասնակցությունն ապահովելու համար: Նախարարության բյուջեն կազմել է 5 մլրդ 660 մլն 925 հազար դրամ, փաստացի ծախսվել է 5 մլրդ 601 մլն 989 հազար դրամ: Հատկացումներն ուղղվել են բարձրագույն, մանկապատանեկան, մասսայական, հաշմանդամային ու երիտասարդական սպորտի ծրագրերի կատարմանը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ 8 մլն 354 հազար դրամի չափով տնտեսումը վերադարձվել է բյուջե: Փաստացի կատարողականը կազմել է 255 մլն 85 հազար դրամ:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեից տրամադրվել է 6 մլրդ 550 մլն 179 հազար դրամ:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: