National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
31.05.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 19

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 31-ին քննարկվել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականի բյուջեի ծրագրային մասում նախատեսված է եղել վարկային միջոցների հաշվին իրականացվող 20 ծրագիր. փաստացի կատարվել է 9-ը: Նախատեսված է եղել 31.6 մլրդ դրամ, որից 28.9 մլրդ օգտագործվել է դրամ:

Նպատակային դրամաշնորհների համար նախատեսված մասնաբաժինը եղել է 17 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 25.5%:

ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու տարում տրամադրվել է շուրջ 3.7 մլրդ դրամ (7 մլն եվրո)՝ կազմելով ծրագրվածի 40.5%-ը: 2016 թվականի համեմատ՝ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 53.4%-ով կամ 16.8 մրդ դրամով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական մասով եկամուտների ծախսերի կատարողականի քաղաքական բաղադրիչը, ընդգծել է, որ 2017 թվականը ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերությունների վերջին 25-ամյա պատմության ամենանշանակալի տարեթվերից էր. Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի շրջանակում ստորագրվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կողմերը բանակցել եւ ընդունել են «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթուղթը: Ըստ բանախոսի՝ այդ երկու փաստաթղթերը կդառնան առաջիկա տարիների երկկողմ համագործակցության հիմնական ուղենիշերը:

Տարեվերջին Եվրոպական խորհրդի կողմից հաստատվել է 2017-20թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթուղթը, համաձայն որի նախատեսվել է շուրջ 176 մլն եվրո:

Ըստ ԱԳ փոխնախարարի՝ 2017 թվականի ձեռքբերումներից է նաեւ ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի ավտոմայրուղիների եւ երկաթգծի համակարգի ինտեգրումը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին: Ավարտվել են ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին միանալու շուրջ բանակցությունները:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են նաեւ խորհրդարանականների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են ծրագրերի իրականացման տեխնիկական եւ հեղինակային վերահսկողությանը, վերջին երկու տարիների բյուջեի կատարողականին վերաբերող աուդիտի անցկացման անհրաժեշտությանը, վիզաների ազատականացման գործընթացին, ատոմակայանի գործարկմանը, Կենտրոնական բանկի գործունեությանը:

Նույն օրը Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդեւան Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում է տարածքային կառավարման մարմիններին, համայնքային դոտացիաներին, գյուղատնտեսության եւ բնապահպանության բնագավառներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վերոնշյալ ոլորտներին հաշվետու տարում պետական բյուջեից հատկացումները կատարվել են ժամանակին եւ ամբողջությամբ: Կատարողականների ցուցանիշները դրական են:

Կառավարության քաղաքականությունը 2017 թվականին նպատակաուղղվել է գյուղատնտեսության, նրան սպասարկող կառույցների, գյուղմթերքների իրացման ու վերամշակման ոլորտների գործունեության բարելավմանը:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի՝ նախորդ տարի բնագավառին հատկացվել է 9,8 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 94 տոկոս: Ամբողջությամբ իրականացվել է 18 ծրագիր: Դրանք կյանքի կոչելու համար գումարներ են հատկացվել նաեւ պահուստային ֆոնդից:

Անցյալ տարի առանձնակի ուշադրություն է դարձվել բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններին: Շարունակվել են ագրարային հատվածի բարեփոխումները:

2017 թվականին բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքները ուղղվել են գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ապահովմանը:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 4,2 մլրդ դրամ՝ փաստացի կատարողականը կազմել է 98 տոկոս: Իրականացվել է 28 ծրագիր, պահուստային ֆոնդից հատկացվել է 35 մլն դրամ:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում 2017 թվականի ընթացքում կատարվել են 23.98 հա անտառավերականգնման, 8 հա տնկանյութի, այդ թվում 3300 սերմնաբուսակների եւ 58700 տնկիների աճեցման աշխատանքներ: «Սեւան», «Դիլիջան», «Արեւիկ» եւ «Արփի լիճ» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներում, «Սոսու պուրակ», «Զանգեզուր» եւ «Զիկատար» արգելավայրերում իրականացվել են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրություններ, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, ինչպես նաեւ տնկարկների պահպանության եւ պաշտպանության աշխատանքներ:

Տեղական ինքնակառավարման բնագավառում 2017-ին ապահովվել է վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հատկացվել է 2,5 մլրդ դրամ: Իրականացվել է նախատեսված 13 ծրագիր: Տնտեսումների հաշվին պետական բյուջե է վերադարձվել 5,9 մլն դրամ:

Համայնքների միավորման արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ համայնքների ընդհանուր թիվը կազմել է 502:

Նախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել համայքների խոշորացման ծրագիրը, ապա որոշել դրա նպատակահարմարության հարցը:

Հաշվետու տարում Երեւանի քաղաքապետարանին հատկացվել են 52 մլրդ դրամի չափով ֆինանսական միջոցներ:

Ըստ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի՝ ամբողջովին իրականացվել են կրթական, մշակութային, մայրաքաղաքի լուսավորության, մետրոպոլիտենի արդիականացման, ջրամատակարարման եւ ջրահեռացման, թափոնների վերամշակման եւ այլ ծրագրեր: Փաստացի կատարողականը 100 տոկոս է:

ՀՀ բոլոր մարզերի պատասխանատուները ներկայացրել են հաշվետու տարում մարզապետարանների իրականացրած ֆինանսական ծրագրերը: Փաստացի կատարողականները կազմել են 95-100 տոկոս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS