Տպել
18.05.2018
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են Հողային օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 18-ին գումարած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի` նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի, բնապահպանական եւ այլ միջազգային պայմանագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Դրանք պարունակում են շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում` հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ: Առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը, տրվում դրա դասակարգումը:

Ըստ հարակից զեկուցող մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Հարությունյանի` նախագծերի փաթեթի ընդունման եւ կիրառման դեպքում կստեղծվի համարժեք իրավական հիմք, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձեւավորմանը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատմանը:

Փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգում ներառված երկու նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: