Տպել
15.05.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի ժամանակ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է հստակեցնել Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառումը, ինչպես նաեւ նրանց իրավունքների խախտումների կանխարգելումը եւ պաշտպանություն իրականացնելու լիազորությունները: Նախագծով այսուհետ Պաշտպանին իրենց իրավունքների պաշտպանության նպատակով կարող են դիմել ազատությունից զրկված անձանց եւ զինծառայողների մերձավոր ազգականները: Օրինագծով լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու եւ բողոքը դադարեցնելու հիմքերը, ապահովվել եզրութաբանական միասնականությունը:

Քննարկման ժամանակ հիմնական առարկությունը վերաբերել է օրենքի այն դրույթին, ըստ որի ՄԻՊ-ը կարող է կառավարության նիստերին մասնակցել միայն վարչապետի հրավերով: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը կարծիք է հայտնել, որ ՄԻՊ-ն այն բացառիկ մարմիններից է, որը ցանկացած դեպքում կառավարության նիստերում մասնակցելու իրավունք ունի: «Դժվար է այս երկրում պատկերացնել մի իրավական ակտ, որ մարդու իրավունքներին չի առնչվում, հետեւաբար ցանկացած հարց, որ քննարկվում է կառավարությունում, առնչվում է մարդու իրավունքներին»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Քննարկման արդյունքում նախագծից հանվել է վերոնշյալ դրույթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննության է առել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Հիմնական զեկուցողը նշել է, որ հստակեցվել են անկախ հանձնաժողովի եւ դատարանի գործառույթները, դրա կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը, ընդլայնվել անկախ հանձնաժողովների թիվը: Սահմանվել են հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների եւ դատարանի որոշումների հիմքում:

Քվերակություններով օրենքների նախագծերն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Ըստ բանախոսի՝ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20.285 դեպք, որոնցից 10.220-ը` Երեւանում: 2016թ-ի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 1521-ով կամ 8.1 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով, իսկ ծանր հանցագործության դեպքերը՝ 352-ով: Գլխավոր դատախազը նշել է, որ հաշվետու տարում 13-ով նվազել են նաեւ սպանության փորձի դեպքերը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեությունն իրականացվել է երկու հիմնարար ուղղությամբ՝ անհատական դեպքերի քննարկման եւ կանխարգելիչ գործունեության իրականացման հիման վրա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների ու բողոքների թիվն աճել է շուրջ 1000-ով եւ կազմել 6417: Ավելացել է նաեւ կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի քանակը: Տարին արժեւորվել է ՀՀ սահմանադրական դատարանի հետ սերտ համագործակցությամբ: Ըստ Արման Թաթոյանի՝ 2017 թվականին Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է փորձի փոխանակման ծրագրեր տարբեր երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ: Մասնավորապես, այդ նպատալով Հայաստան են ժամանել պատվիրակություններ Մարոկկոյից, Թունիսից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Լատվիայից, Լիտվայից:

Հանձնաժողովը ներկայացված տարեկան հաշվետվություններն ընդունել է ի գիտություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ մայիսի 15-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննության է առել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածից հանել աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկելու համար նրանց աշխատելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Նշվել է, որ նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հանձնաժողովականները օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը գործընկերներին տեղեկացրել է, որ հաշվի առնելով նոր կառավարության ձեւավորումը՝ մի շարք օրենքների նախագծերի վերբերյալ հեղինակների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դրանց առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները հետաձգել երկուսից երեք ամիս ժամկետով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...