Տպել
16.04.2018
«Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի եւ Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը եւ մարդը» խորագրով միջոցառմանը: Նշենք, որ հայկական արմատներ ունեցող Պավել Ֆլորենսկին (ծագումով Ղարաբաղից) անջնջելի հետք է թողել ռուսական փիլիսոփայական մտքի եւ աստվածաբանական ոլորտի զարգացման վրա, նրան անվանել են ռուսական դա Վինչի:

Արմեն Աշոտյանը կարեւորել է այն հանգամանքը, որ նախաձեռնողները միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը: Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները եւ փոխայցերը հաճախակի կլինեն, ինչն ազդակ կհանդիսանա դեպի Արցախ այցերի ակտիվացման, մարդասիրական կապերի ընդլայնման ու խորացման, Արցախի միջազգայնացման համար:

Նախաձեռնության հեղինակ Դենիս Դվորնիկովի համոզմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում բովանդակալից քննարկումներ ծավալվեն տարբեր երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների միջեւ: Մարիա Տիխոնովան կարեւորել է Արցախում Պավել Ֆլորենսկու հուշարձանի բացումը:

Կարեւորվել են արցախցի եւ ռուս ուսանողների պարբերական փոխայցերը, ինչը կնպաստի փիլիսոփայության, բանասիրության, պատմության, քաղաքագիտության եւ մի շարք այլ հարցերում փորձի փոխանակմանը եւ ճանաչողությանը:


16.04.2018
Քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ Ազգային ժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ապրիլի 16-ին հանդիպել են ՌԴ Մոսկվայի երկրամասի խորհրդարանական պատվիրակության հետ, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան: ...