National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
09.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.04.2018
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Արմեն Սարգսյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը
1 / 12

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի ապրիլի 9-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բացելով նիստը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է.

«ՀՀ մեծարգո Նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք: Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն` հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ: Գրանցվել է 92 պատգամավոր: Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին Հանրապետության նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին:

Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված»:

Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս են  բերվել ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Արա Բաբլոյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու եւ երդման համար հրավիրել է Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ՝ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ իմ լիազորություններն  իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- ձեռքը դրած ՀՀ Սահմանադրությանն ու Վեհամոր Ավետարանին՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո հայրապետական օրհնանքի խոսք է ասել Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին  Երկրորդը:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Արմեն Սարգսյան,

Մեծարգո վաստակյալ Նախագահ տիար Սերժ Սարգսյան,

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Հարգարժան նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տիար Արա Բաբլոյան,

բարձրապատիվ հոգեւոր հայրեր, պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

սիրելի ներկաներ,

ուրախությամբ ողջունում եւ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության առիթով: Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ողորմությամբ եւ երկնառաք շնորհներով մեր ժողովուրդը հայրենի պետության հովանու ներքո շարունակում է ապրել իր առաջընթաց կյանքը կերտելու անխախտ հույսով ու հավատով:

Մեր ժողովուրդը հայրենի պետականությունը վերականգնելու համար մաքառումների երկար ճանապարհ է անցել՝ դիմագրավելով բազմաթիվ փորձությունների: Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու եւ հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի եւ մաքառումների պսակն ու դափնին, մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի եւ հայրենակերտումի նախանձախնդրության: Զորեղ ու ամուր պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարեւ, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել, որոնք կերտվել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի պայծառության տեսլականով, արդարության հաղթանակի հավատով ազգիս զավակներին միավորելով հայրենիքը զորացնելու ձգտումով եւ հայրենիքով զորեղ լինելու գիտակցությամբ:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան, Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաեւ ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին եւ մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման եւ լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ:

Երդմնակալության արարողությունը առիթ է նաեւ անդրադառնալու յուրաքանչյուրիս հանձնառությանն ու պատասխանատվությանը` նախանձախդրությամբ շարունակելու միասնական մեր ջանքերը` հանուն ազգային նպատակների իրագործման: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախության վերականգնման մեր ժողովրդի իղձը, օրհնել ու քաջալերել մեր արդար պայքարները, այսօր էլ զորակից է հայրենի պետությանը եւ Ձեզ, մեծարգո նորընտիր նախագահ, Ձեր ազգանվեր ու հայրենասեր ծառայության ճանապարհին: Սրբազան է մեր հայրենիքը իր բազմադարյա պատմությամբ ու նվիրական արժեքներով, իր հերոսներով ու նահատակներով, հայրենասեր երախտարժան իր զավակներով: Այս նվիրական զգացումներով Մեր հորդորն ենք հղում մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս` հավատով ու միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրները եւ դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ տիար Սերժ Սարգսյանին` անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը` դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ` առաջ ընթանալու եւ իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով` մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արեւշատ կյանք եւ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ:

Աղոթում ենք աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի համար: Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան` հայցելով Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը Ձեզ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Աղոթք ենք բարձրացնում հայոց պետական ավագանու համար? մաղթելով նոր ձեռքբերումներ ի սեր մեր հայրենիքի եւ ժողովրդի: Թող Տերը օրհնի Հայաստան մեր երկիրը, Արցախն ու սփյուռքը` միշտ պահպանելով Իր Սուրբ Աջի խնամքի ու հովանու ներքո շինության, խաղաղության եւ անսասանության մեջ այսօր եւ միշտ: Ամեն»:

Այնուհետեւ ելույթ  է ունեցել ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանը:

«Վեհափառ Տեր,

մեծարգո պարոն Նախագահ եւ տիկին Սարգսյան,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ եւ հարգելի պատգամավորներ,

մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,

Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

թանկագին հայրենակիցներ եւ հյուրեր,

տիկնայք եւ պարոնայք,

այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի եւ պատմության առջեւ:

Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը` արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաեւ այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչեւ պարզ քաղաքացիներ, ինչպես նաեւ Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ եւ ուշադիր հետեւում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ, հավատը Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

այսօր մենք գտնվում ենք առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, եւ անցում կատարում պետական կառավարման նոր` խորհրդարանական համակար•ի:

Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:

Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր եւ սխրանք էր պետք` փրկելու եւ ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ առաջին, թե՛ երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաեւ արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

Հենց դրա շնորհիվ մեզ ` մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել երրորդ Հանրապետությունը, այլեւ կայացնել մեր հայրենիքի անկախությունը:

Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր եւ հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:

Եվ այսօր, որեւէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար.

երեկ, այսօր եւ վաղը:

Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին եւ նրա հերոսներին:

Փա՛ռք հայոց հաղթական բանակին:

Թանկագին բարեկամներ,

ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության եւ հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ եւ վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը եւ վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռեւս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարեւոր ձեռքբերում է:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար: Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:

Սիրելի բարեկամներ,

հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու եւ հավատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, եւ այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:

Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում` սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչեւ մեր օրերը:

Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձեւավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության:

Ժամանակային եւ տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:

Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:

Ահա թե ինչու, Հայաստանը հետեւողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները եւ քաղաքական խնդիրները խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը:

Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:

Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ է դրա կրկնությունը որեւէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

այսօր մեր երկրի եւ ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը եւ ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն եւ հզոր Հայաստան:

Հանուն այդպիսի Հայաստանի` մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսեւորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետեւողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական եւ արատավոր երեւույթների դեմ: Կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչեւ անպատասխանատվություն: Այս անզիջում եւ արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:

Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք եւ աշխատենք միասին:

Բարեկամներ,

հանուն համազգային նպատակների իրականացման` մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը եւ նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:

Մեր ազգային միասնության ամենակարեւոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը: Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման եւ մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ:

Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:

Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն եւ միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձեւի ընկալմանը ու կենսագործմանը:

Փոքր երկիր` համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:

Սիրելի հայրենակիցներ,

հավատ, վստահություն, արդարություն եւ ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը:

Այսօրվա եւ վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը եւ դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին եւ արտաքին ներդրումների հոսքը, այլեւ արգելակել արտագաղթը, առավել` հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:

Սակայն, ինչքան էլ գրավիչ եւ տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք եւ ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում: Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական եւ հետազոտական կենտրոնների հետ` Արեւմուտքից Արեւելք, Հյուսիսից Հարավ: Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները եւ դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների եւ լուծումների կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սա է ապագան: Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրեւ երկրի նախագահ, այլեւ այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:

Սիրելի հայրենակիցներ,

մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում` լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով եւ մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաեւ նոր եւ գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալու ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին եւ արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, եւ դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր` երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն եւ ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին եւ կդառնա բոլորիս հպարտության եւ ոգեւորության աղբյուրը:

Հայրենիք` աշխարհի բոլոր հայերի համար:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՛ռք Արցախին:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Աստված պահապան բոլորիս»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով. «Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն՝ համոզված եմ, որ Դուք Ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը, Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ապահովմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»:

Այնուհետեւ դահլիճից դուրս են բերվել  ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է հատուկ նիստի ավարտը:
 


09.04.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Արմեն Աշոտյանի նախագահությամբ ապրիլի 9-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա...

09.04.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կա...

09.04.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու ...

09.04.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

09.04.2018
Կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS