Տպել
04.04.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 9

Ապրիլի 4-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի խոսքով` փոփոխություններ առաջարկելու պատճառն այն է, որ քաղաքացիները մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով զրկվում են նպաստից:

Պատգամավորը նշել է, որ գործող օրենքում, հատկապես չաշխատող կանանց վերաբերյալ դրույթներում առկա են որոշ էական բացթողումներ: Առկա են նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակն անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ: Ըստ նրա՝ երեխայի ծնունդն արդեն իսկ բավարար հանգամանք պետք է լինի մայրության նպաստ ստանալու հարցում:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվառված լինի, նա բնակության վայրը հայտարարելու պարտականություն ունի:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգով նախագծի լրամշակված տարբերակի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ  երկամսյա ժամկետով: 

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Արսեն Միխայլովի, Մարինա Մարգարյանի, Մարգարիտ Եսայանի, Ջեմմա Բաղդասարյանի հեղինակած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ նպատակն է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին հնարավորություն տալ դեղագործական արտադրանք ներմուծել՝ լիարժեք բուժսպասարկում իրականացնելու համար:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նման փոփոխության դեպքում կխախտվի դեղերի ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների միջեւ հավասարությունը:

Հակոբ Հակոբյանն առաջարկել է օտարերկյա պետություններից ժամանող ֆիզիկական անձանց թույլ տալ հինգ անուն դեղորայքի փոխարեն ներկրել տասը անուն դեղորայք՝ երեքական չափաբաժնով:

Օրենքի լրամշակված նախագիծն առաջարկվել է ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել կարաոկեների, դիսկոտեկների, հեստապարային ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների, սաունաների տեղակայման հարցը:

Նախաձեռնության համար, ինչպես տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, հիմք են հանդիսացել հանրության կողմից ստացված բողոքներն ու մտահոգությունները: Այդ իսկ պատճառով առաջարկվում է արգելել վերոնշյալ օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքերի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում, կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Այս օբյեկտների տեղակայման հեռավորության սահմանումն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն: Նախատեսվում է, որ օբյեկտների տեղակայման հեռավորությունը չպետք է պակաս լինի առնվազն 50 մետրից: Դրանց տեղափոխման համար, որոնք Երեւանում քսաներեքն են, կհատկացվի մեկ տարի:

Թե ինչու այս ցանկում ընդգրկված չեն մերսման սրահները, հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունում քննարկվել է նաեւ մերսման սրահների եւ հոսթելների հարցը, եւ որոշվել է դրանց անդրադառնալ հետագայում՝ փուլ առ փուլ:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել են փաթեթի ընդունումը, ներկայացրել առաջարկներ:

Նախագծերի փաթեթը կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով: Առաջարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի նշանակում բոլոր այն վարորդների համար, ովքեր տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ եւ այլ առարկաներ կնետեն: Նախագծի ընդունման դեպքում գիշերային ժամերին (ժամը 23:00-ից մինչեւ 07:00) ձայնային անտեղի ազդանշանների կիրառման համար կնշանակվի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք:

ՀՀ կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ նշելով, որ օրենքի նախագծով քննարկվող հոդվածներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, ուստի առաջարկվում է դրանք թողնել անփոփոխ:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ մերժել են կառավարության առաջարկները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախագիծը լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգվել է:

Հեղինակի բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրխանյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը:


04.04.2018
Արմեն Աշոտյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 4-ին հանդիպել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ: Պատգամավորին ուղղվել են հարցեր ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Անդրադար...

04.04.2018
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

04.04.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

04.04.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ: Միքայել Մելքումյանը գոհունակությամբ ընդգծել է, որ բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը, կարեւորել միջխորհր...

04.04.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ:...