Տպել
28.03.2018
Խորհրդարանական լսումներ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 28-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի են ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ օրինագիծը մշակման երկար փուլ է անցել եւ ընդունվել առաջին ընթերցմամբ: Խորհրդարանական լսումների նպատակն է բոլոր շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու դիտողությունները նախագծի վերաբերյալ: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ օրենքը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ու հավասար հիմունքներով օգտվելու մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատությունից: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարեւորելով օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումները նշել է, որ մշակվել է նախագիծ, որով լուծումներ են առաջարկվում հաշմանդամություն ունեցող անձանց առաջ ծառացած հիմնական խնդիրների լուծման համար: Ըստ նախարարի՝ դրանք համատեղ ուժերով կլուծվեն առաջիկա տարիներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր առաջարկները, որոնց շնորհիվ օրենքը կլրամշակվի եւ կներկայացվի երկրորդ ընթերցման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարեւորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում համատեղ ու սրտացավ աշխատանքը` ընդգծելով միջավայրի մատչելիության ապահովումը, որը հաճախ սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ՝ առանց հաշվի առնելու հաշմանդամության բոլոր տեսակները: Պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքները վկայում են, որ հաշմանդամության կարգի սահմանման ոլորտում եւս կան խնդիրներ: Կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը՝ Արման Թաթոյանը նշել է, որ սա այն ոլորտն է, որը պահանջում է սրտացավ աշխատանք ու շարունակական քննարկումներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագիծը, կարեւորել է դրա կիրառմանն ուղղված համալիր եւ տարեկան ծրագրերի գաղափարները:

Փոխնախարարը նշել է, որ նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները սահմանվել են համաձայն ՄԱԿ-ի 2006 թվականին ընդունած «Հաշմանդանություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների: Ընդ որում, նախագծում հաշմանդամությունը եւ այդ ոլորտում հիմնախնդիրների կարգավորումները դիտարկվում են առողջական խնդիրներ ունեցող անհատի եւ սոցիալական ու ֆիզիկական միջավայրի փոխազդեցության համատեքստում:

Փոխնախարարին ուղղված հարցերն առնչվել են մասնավորապես փողոցների եւ շինությունների թեքահարթակներին, տրանսպորտային միջոցների անհարմարավետությանը, կրթության հարցերին, ինտերնետային կայքէջերի մատչելիությանը, աշխատատեղերի խնդրին:

Բոլոր հարցադրումներին տրվել են հստակ պարզաբանումներ եւ նշվել է, որ օրենքի ընդունումից հետո տարիների ընթացքում բարձրացված խնդիրները կլուծվեն:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, անդրադարձել է հաշմանդամների խնդիրներին եւ փոխանցել իր առաջարկությունների փաթեթը:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորել է ներկայացնել առաջարկություններ եւ տեղեկացրել, որ հանձնաժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ եւս կհրավիրվեն շահագրգիռ անձինք: