National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը
1 / 9

Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որը համանախագահել են Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը:

Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորին ցավակցություն է հայտնել ռուս գործընկերներին՝ նախորդ օրը Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների համար: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է հայ-ռուսական քաղաքական օրակարգային խնդիրների քննարկումը հանձնաժողովների մակարդակով եւ ընդգծել, որ ազնիվ ու գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում: «Բարձր մակարդակի վրա է նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախորդ երկու օրերի ընթացքում արդեն իսկ արդյունավետորեն քննարկվել են խորհրդարանական եւ քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խորհրդարանի հետ մեր հարաբերությունների ողջ ծավալը: Մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մեր ռուս գործընկերներին փոխանցել մեր քաղաքական փորձը, որը ձեռք ենք բերել խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ ցավակցության համար, անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին: Նա նույնպես բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը եւ նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է: Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ անցած երկու տարիներին արդեն իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. վավերացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի համար կարեւոր փաստաթղթեր: Բացի այդ, 30 տոկոսով մեծացել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, ավելացել է Հայաստան ՌԴ այցելող քաղաքացիների թիվը:

«Հայ-ռուսական համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը եւ Վիկտոր Վոդոլացկին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից:

Կարեն Բեքարյանը խոսել է երբեմն ի հայտ եկող խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունից՝ այս համատեքստում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, ինչը, նրա խոսքով, ցավով է ընդունվում հայ հանրության կողմից: «Խնդիրները եթե չեն լուծվում, դրանք հետագայում ընդլայնվելու միտում են ունենում: Սա մեր տրամաբանության մեջ որպես բիզնես գործարք չի ընկալվում»,- նկատել է պատգամավորը:

Խնդրին մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձել է նաեւ հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը՝ նշելով Ադրբեջանի կողմից հարձակողական զենք ձեռք բերելու հանգամանքը եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վայրագությունները: Պատգամավորը հարցը դիտարկել է մարդու կյանքի իրավունքի տեսանկյունից:

Հայ պատգամավորների այս դիտարկումներին անդրադարձել է Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ չպետք է կասկածներ լինեն առ այն, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: «Տարիներ շարունակ մենք մնում ենք նույն դիրքերում, մեզ մտահոգում է հռետորաբանությունը, վախի մթնոլորտը: Ադրբեջանն իրեն փակուղի է գցում: Չպետք է թույլ տալ խնդրի ռազմական ճանապարհով լուծում»,- ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում ընդգծել է ռուս պատգամավորը:

Վիկտոր Վոդոլացկին նույնպես անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք վերելք են ապրում, սակայն կան հարցեր, որոնք դեռեւս անկատար են: Խոսքը վերաբերում է երիտասարդության հետ կապված ծրագրերին: Նա կարեւորել է նաեւ միջազգային հարթակներում փոխշահավետ աշխատանքի իրականացումը՝ Հայաստանը դիտարկելով որպես վստահելի գործընկեր: Վիկտոր Վոդոլացկին խոսել է նաեւ երկու խորհրդարանների համատեղ նիստի անցկացման գաղափարի մասին՝ նշելով, որ միջխորհրդարանական համագործակցությունն ընթանում է արդյունավետ, սակայն դրա հետագա զարգացման առումով աշխատանք պետք է իրականացնել:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Այս առումով կարեւորվել է երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը, այդ թվում նաեւ՝ խորհրդարանական ձեւաչափում: Պաշտպանելով այս տեսակետը՝ որոշվել է հանձնաժողովների հաջորդ նիստն անցկացնել Ռոստովում:

«Եվրասիական ինտեգրում ու ժողովրդական դիվանագիտություն» թեմայով ելույթներ են ունեցել Արտաշես Գեղամյանը եւ Վլադիմիր Կատենեւը:

Արտաշես Գեղամյանն անդրադարձել է աշխարհում ընթացող մարտահրավերներին, կարեւորել դրանց դիմակայելը ԵԱՏՄ շրջանակներում: Խոսելով տնտեսական ոլորտում գերտերությունների վարած քաղաքականությունից՝ պատգամավորն այն համարել է «սառը պատերազմ», որին պետք է դիմակայել: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում համագործակցության ակտիվացումը, անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին:

Վլադիմիր Կատենեւը խոսել է ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալների, երկու երկրների համագործակցության ոլորտների մասին՝ նշելով, որ այդտեղ մեծ տեղ է զբաղեցնում էներգետիկ բնագավառը: Ժողովրդական դիվանագիտության տեսանկյունից նա նույնպես կարեւորել է միջհամայնքային համագործակցության ընդլայնումն ու երկու երկրներում տարբեր ծրագրերի իրականացումը:

Նիստի ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 

                                                              ******************

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ԱՊՀ ԳՈՐԾԵՐՈՎ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

/2018 թ. մարտի 26, Երեւան/

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը (այսուհետ` Կողմեր) տեղի է ունեցել Երեւանում, Հայաստանի Հանրապետություն, 2018 թվականի մարտի 26-ին, համաձայն 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Նիստի ընթացքում Կողմերը գոհունակությամբ նշել են, որ անցած ժամանակահատվածում շարունակվել է երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Հատուկ ընդգծվել է 2018 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Բաբլոյանի այցը Մոսկվա, ինչպես նաեւ Ա.Բաբլոյանի աշխատանքային հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վ.Վոլոդինի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցեր: Գոհունակությամբ նշել են, որ այն զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի զարգացման գործում, որի հիմքն է Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի 20-ամյակը նշվել է 2017 թվականին:

Կողմերն ընդգծել են, որ միջազգային օրակարգի, մասնավորապես միջազգային ինստիտուտների դերի, գործունեության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների ու նորմերի վրա հիմնված աշխարհակարգի կառուցման, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի պահպանման առնչությամբ իրենց դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են:

Կողմերը փաստել են աշխարհում պահպանվող անկայուն վիճակը եւ հայտնել, որ պետք է ջանքեր գործադրել ամրապնդելու ՄԱԿ-ի եւ այլ միջազգային ճանաչում ունեցող կառույցների առանցքային դերն արդի միջազգային խնդիրների կարգավորման հարցում` պահպանելով միջազգային իրավունքի նորմերը եւ հարգելով այլ երկրների շահերը:

Կողմերն ընդգծել են բանակցային ձեւաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման իմպերատիվությունը:

Կողմերն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեւ հայ-ռուսական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ շրջանակներում:

Այս առումով աջակցություն է հայտնվել ՀԱՊԿ-ի շրջանակներում շարունակվող Հարավային Կովկասի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովմանն ուղղված համատեղ ջանքերին:

Կողմերն արտահայտվել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովմանը համահունչ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

Կողմերը հաստատել են իրենց ձգտումը շարունակելու փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններում եւ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության դրույթներում, ինչպես նաեւ ընդգծեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների եւ 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հնչեցված վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցների լիարժեք պահպանման եւ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Կողմերը նշել են ռազմատենչ հռետորաբանության եւ քսենոֆոբիական հայտարարությունների անթույլատրելիությունը:

Կողմերն ընդգծել են տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ամրապնդման քաղաքականության շարունակության անհրաժեշտությունը ծայրահեղականությանը եւ ապօրինի միգրացիային հակազդելու, ահաբեկչության ու թմրանյութերի եւ այլ արգելված նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար:

Կողմերը դրական են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին, 2017 թ. դեկտեմբերին:

Կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, նախանշվել են խորհրդարանականների աշխատանքի ծրագրերը միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման ոլորտում, այդ թվում նաեւ միջազգային հարթակներում:

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը:

Քննարկելով համագործակցության իրավիճակը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՄԽՄ, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ, ՈՒՄՎ՝ Կողմերը, բարձր գնահատելով ոլորտային հանձնաժողովների դերը միջազգային հարթությունում փոխգործակցության համակարգում, ընդգծել են փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի եւ դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված միջազգային միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Քննարկելով Եվրասիական ինտեգրման ընթացքը եւ ժողովրդական դիվանագիտության դերն այս գործընթացում: Կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության նպատակներին եւ խնդիրներին հասնելու կարեւորությունը՝ որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ միավորման, որը նպաստում է անդամ երկրների տնտեսությունների լրացուցիչ աճին:

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերի նշանակությունը, որոնք հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների հետագա զարգացման, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակում սերտ համագործակցության նորմաստեղծ ապահովման գործում կարեւոր կառուցակարգի գործառույթ են կատարում:

Կողմերն ընդգծել են Եվրասիական տարածքում միջխորհրդարանական երկխոսության զարգացման կարեւորությունը: Այս համատեքստում բարձր են գնահատվել Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցության` որպես միջխորհրդարանական համագործակցության նոր ձեւաչափի, շրջանակներում կատարված համատեղ աշխատանքների արդյունքները:

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները եւ հայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման:

Կողմերը հաստատում են, որ համատեղ նիստերի ձեւավորված պրակտիկան նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման խնդրի լուծմանը, լրացուցիչ խթան է հաղորդում ազգային օրենսդրությունների եւ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը պայմանավորվել են հերթական համատեղ հանդիպումն անցկացնել 2018 թ. երկրորդ կեսին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնություն:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին 
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից` 
Ա.Աշոտյան 
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով,
վրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անունից` 
Կ.Զատուլին 


26.03.2018
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի են ունեցել «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են պ...

26.03.2018
Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
«Խոր ցավով տեղեկացանք Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի մասին: Ընդունեք անկեղծ ցավակցություններ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Սգում ենք զոհվածների հարազատների եւ մերձավորների հետ միասին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ն...

26.03.2018
Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ: Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առն...

26.03.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլա...

26.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ն...

26.03.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

26.03.2018
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետ...

26.03.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխո...

26.03.2018
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am