National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.03.2018
Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրինագծերը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Օրակարգը հաստատելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո էական փոփոխությունների չէր ենթարկվել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Հաջորդիվ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը : Հիմնական զեկուցողի խոսքով՝ այն բարեփոխվել է թե պատգամավորների, թե հեղինակի առաջարկների շնորհիվ: Նա նաեւ նշել է, որ կան նաեւ չընդունված առաջարկներ:

Ելույթ են ունեցել պատգամավորները

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած, սակայն չընդունված առաջարկին. օրենքի փոփոխության համար անհրաժեշտ 300 հազար անհրաժեշտ ստորագրություն հավաքելու համար սահմանել 90 օր՝ 60 օրվա փոխարեն: Պատգամավորը «Հանրաքվեի մասին» օրենքի այն դրույթը, թե քաղաքացիները կարող են հանդես գալ օրենքում փոփոխություն կատարելու քաղաքացիական նախաձեռնությամբ՝ որակել է «պատրանքային իրավունք»: Ըստ նրա՝ Հայաստանում գրեթե անհնար է որեւէ օրենք փոփոխելու նպատակով քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե:

Արտակ Զեյնալյանը նույնպես անդրադարձել է քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու սահմանադրական հնարավորությանը: Նա զուգահեռներ է անցկացրել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի եւ վերոնշյալ 300 հազարի միջեւ՝ հավելելով, թե այս հարաբերությամբ 60 օրում հնարավոր չէ իրացնել այդ իրավունքը:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Ընդունվել է պատգամավորների առաջարկների մի մասը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ օրենքը համապատասխանեցվել է փոփոխված Սահմանադրությանը եւ վերացվել են խնդրահարույց դրույթները:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից նախագծով ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Փոփոխությամբ նախատեսվում է օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու իրավունքը Հանրապետության նախագահից փոխանցել վարչապետին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը կից օրենսդրական փաթեթով ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով տեղեկացրել է, որ փաթեթը համակողմանի քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, պատգամավորներից ստացվել են առաջարկներ, որոնք ոչ բոլորն են ընդունվել: Արտակ Շաբոյանն անդրադարձել է չընդունված առաջարկներին՝ տալով պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում տեղի են ունեցել երկարատեւ եւ բուռն քննարկումներ՝ ակնկալելով ստանալ բարեփոխված օրինագիծ:

Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները

Արամ Սարգսյանը նշել է, որ փոփոխությունների նպատակը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցումն է ԵՄ եւ ԵԱՏՄ պահանջներին, ինչը ստացվել է, ուստի ինքը հանձնաժողովում կողմ է քվեարկել նախագծին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը եւս կողմ է քվեարկելու նախագծին. այս մասին ելույթում հայտնել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա կարեւորել է հանձնաժողովին առավել շատ եւ կոշտ գործիքակազմով օժտելու հանգամանքը, ինչը կմեծացնի հանձնաժողովի արդյունավետությունն ու կնպաստի գնումների գործընթացին:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկները, որոնք վերաբերում էին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» հանձնաժողովում նշանակվող անդամների ապակուսակցականացմանը: Նա իմաստազուրկ է համարել այն տեսակետը, թե հանձնաժողովի անդամների կուսակցական լինելը կարող է կաշկանդել նրանց գործունեությունը:

Աղվան Վարդանյանը կարեւորել է հանձնաժողովի բացառիկ նշանակությունը տնտեսական մրցակցության տեսանկյունից, անդրադարձել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ չընդունված առաջարկին, ըստ որի՝ հանձնաժողովի վեց անդամներից մեկի թեկնածությունը պետք է ներկայացվի ընդդիմադիր պատգամավորների կողմից: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ առաջարկն սկզբունքային է, հետեւաբար իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է իր ներկայացրած, սակայն չընդունված առաջարկին, որը վերաբերում էր հանձնաժողովին տրված գործառույթների ընդլայնմանը: Մասնավորապես՝ պատգամավորն առաջարկում էր հանձնաժողովին տալ գործիքակազմ, որով հնարավոր կլիներ ոլորտում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Հիմնական եւ հարակից զեկուցողները եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների դիտողություններին, տվել պարզաբանումներ:

«Դիվանագիտության ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորների գնահատմանն է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից եւ խմբակցություններից ստացվել է 14 առաջարկ, որոնցից չեն ընդունվել 3-ը:

Հարակից՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ լրամշակման արդյունքում փարատվել են բոլոր մտահոգությունները:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

Արմեն Աշոտյանը կարեւորել է ԱԺ ՀՀԿ խմբակցության այն առաջարկի ընդունումը, որը վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը եւ դերին: Ըստ այդմ՝ խորհրդարանականները հնարավորություն կստանան նորանշանակ դեսպաններին հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ աշխատանքային քննարկման:

Խոսրով Հարությունյանն անհամաձայնություն է հայտնել նախագծի որոշ դրույթների առնչությամբ: Նա առաջարկել է հստակեցնել խուսափողական ձեւակերպումները եւ խորհրդարանին ներկայացնել բարեփոխված նախագիծ, որում հաշվի առնված կլինեն պատգամավորների առաջարկները:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով եւս ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաեւ «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով : Հիմնական զեկուցողը, անդրադառնալով բովանդակային փոփոխություններին, նշել է, որ առաջին փոփոխությունը վերաբերում է Երեւանի ավագանու նիստերի լուսաբանմանը, որի համար սահմանվում են այն նույն կանոնները, որոնք նախատեսված են ՀՀ Ազգային ժողովի համար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարչապետի՝ կառավարության ենթակա մարմինների որոշումների վերանայմանը վերաբերող իրավասություններին: Մյուս փոփոխություններն առնչվում են «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու մասին» ՀՀ օրենքներին:

Նշենք, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Խոսրով Հարությունյանը եւ Ռուստամ Մախմուդյանը: Առաջարկների զգալի մասն ընդունվել է: Առաջարկություններ ներկայացրել է նաեւ կառավարությունը, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են եղել:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ ապահովվում է խորհրդարանական կառավարման ձեւի դրսեւորումը եւ ինստիտուցիոնալ իրացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաթեթը պետական համակարգի գործունեության հիմքն է, պետական ապարատը դառնում է քաղաքական պատասխանատվության մարմին: Նրա համոզմամբ՝ կունենանք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն եւ վարչապետի պաշտոն: Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք պետք է լինեն առավել քան ապաքաղաքական. նրանց համար քաղաքական պատասխանատվություն կրելու է վարչապետը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության մոտեցումները՝ նշելով, որ իրենք առաջարկել են այլընտրանքային լուծում՝ այլընտրանքային կառավարության կառուցվածք:

Արման Սաղաթելյանը, քաղաքական պատասխանատվության հարցում վկայակոչելով մի շարք երկրների փորձը, կարծիք է հայտնել, որ առաջարկված ձեւաչափը չափազանց արդյունավետ է: Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում իշխող քաղաքական ուժն է որոշում իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնող ձեւաչափը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ երկրների համար չկան ընդհանրական լուծումներ. յուրաքանչյուր երկիր, ելնելով կառավարման արդյունավետությունից, ընտրում է համապասխան մոդելը: Նրա խոսքով՝ հիմնազուրկ են այն պնդումները, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավելություններ չունի: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ուժային կառույցները վարչապետի վերահսկողության ներքո պահելով կբարձրանա այդ մարմինների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձել է մասնավորապես Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամի հայտով քաղաքացու՝ ավագանու նիստին մասնակցելու իրավունքի սահմանափակմանը: Նրա համոզմամբ՝ խորհրդարանական կառավարման հիմքերը դրված են, բայց դրանք սահմանափակվում են օրենսդրությամբ:

Ամփոփիչ ելույթներում Գեւորգ Կոստանյանը եւ Դավիթ Հարությունյանն անդրադարձել են հնչեցված հարցադրումներին ու մտահոգություններին:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով: Ըստ հիմնական զեկուցողի` առաջին ընթերցումից հետո ՀՀ Ազգային ժողովից ստացվել է 184 առաջարկ, որից 154-ն ընդունվել է: Կատարված փոփոխություններով հստակեցվել են հանրային ծառայության եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի բնութագրերը, կարգավորվել են հարաբերությունները կառավարչական իրավահարաբերությունների տեսակետից` համապատասխանեցնելով դրանք «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքին, հստակեցվել են նվերների ընդունման, շահերի բախման խնդիրները, վերացվել է «բարձրաստիճան պաշտոնյա» հասկացությունը ու առավել ընդլայնվել է հայտարարատուների ցանկը եւ այլն: Ըստ նախարարի` արդյունքում կունենանք քաղաքացիական ծառայության համակարգ, որն ըստ էության կարգավորվում է միասնական մեթոդաբանությամբ, սակայն իրագործվում է ապակենտրոնացված կերպով: Այն հնարավորություն կտա առավել ճկուն անդրադառնալու ժամանակի փոփոխություններին ու մարդկային ռեսուրսների կառավարումը պետական համակարգում դարձնելու ժամանակակից` պահպանելով քաղաքացիական եւ հանրային ծառայողների պաշտպանվածությունը:

Նշենք, որ քննարկված օրենքներն ու օրենսդրական փաթեթները գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքներն ու օրենսդրական փաթեթները:

Սպառելով օրակարգը Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


23.03.2018
«Մենք կարեւորում ենք երիտասարդների ներուժի ճիշտ ուղղորդումը մեր երկրի զարգացման գործում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած` «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտ...

23.03.2018
Հայաստան կայցելի ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը
Մարտի 24-ին` ժամը 16:00-ին, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժո...

23.03.2018
ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի Սմբատ Բյուրատի անվան եւ «Այբ» դպրոցների սաները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 23-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը նախ հնարավորություն է ընձեռել աշակերտներին ներկայացնելու իրենց գիտելիքներն Ազգային ժողովի կառուցվածքի եւ ...

23.03.2018
Արա Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկ...

23.03.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մարտի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել կառավարության հեղինակած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանձ...

23.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մարտի 27-30-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակութ...

23.03.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

23.03.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ՝ 23.03.2018, ժամը 10:00, 414 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS