National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին տեղի ունեցած նիստում քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրենքների նախագծերի, որոնց հեղինակը ՀՀ կառավարությունն է: Օրենսդրական նախաձեռնությունների լրամշակված տարբերակները կառաջարկվեն խորհրդարանին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

«Հանրաքվեի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն լրամշակվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հիման վրա: Հեղինակի, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից չեն ընդունվել ՀՀ ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկները:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրենք դեմ են քվեարկելու փաթեթին:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու իրավունքը նախատեսվում է ՀՀ Նախագահից փոխանցել վարչապետին:

Օրակարգային մյուս՝ «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխությունների չի ենթարկվել:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով քննարկման է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ փաթեթի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է: Հստակեցվել են օրենքների գործողության շրջանակը,

հասկացությունները, պաշտոնների անձնագրերին եւ քաղծառայողների վերապատրաստմանը վերաբերող դրույթները, ընդլայնվել է գույքի հայտարարագրման ենթակա պաշտոնյաների ցանկը: Ավելացվել է մրցույթում հաղթած եւ քաղաքացիական ծառայության պաշտոնում աշխատանքի ընդունված անձի համար նախատեսված փորձաշրջանը, որն ըստ պաշտոնների տատանվում է 6-12 ամսվա միջակայքում: Պատգամավորներն առաջարկել են նվազեցնել փորձաշրջանի ժամկետը, ինչին հեղինակը համաձայնել է: ՀՀ կառավարությունն ընդունել է փաթեթի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկների մեծ մասը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատգամավորների քննարկմանն է առաջարկել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախարարն իրազեկել է, որ փաթեթը լրամշակվել է, կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես մի շարք տեսչություններ կրճատվելու են. կգործի 6 տեսչություն, ինչի արդյունքում կխնայվեն պետական բյուջեի միջոցները: Զեկուցողը տեղեկացրել է, որ չեն ընդունվել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկները:

Էական փոփոխություններ չեն իրականացվել «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթում, որը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նույն օրը հրավիրած արտահերթ նիստում քննության է առել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» եւ կից օրինագծերի փաթեթը, որով օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է Սահմանադրության պահանջներին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դառնալու է ինքնավար մարմին, որի անդամներին նշանակելու է խորհրդարանը:

Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը մշակելիս հաշվի են առնվել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջներն ու սկզբունքները:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ էին ներկայացրել կառավարությունը, պատգամավորները, «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները: Ըստ Արտակ Շաբոյանի՝ դրանց հիմնական մասն ընդունվել է, այդ թվում՝ «Ելք» խմբակցության ներկայացրած որոշ առաջարկություններ:

«Արդյունքում հիմնովին լրամշակվել է օրենսդրական փաթեթը եւ պատրաստ է ներկայացվելու երկրորդ ընթերցման»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Իրենց ելույթներում հանձնաժողովականները նշել են, որ այն հիմնովին կարգավորելու է ոլորտն ու ապահովելու ազատ տնտեսական մրցակցությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը փաստել է, որ փաթեթը համակարգաստեղծ նշանակություն ունի:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ մարտի 23-ին հրավիրվելիք արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:


22.03.2018
Մարտի 23-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ մարտի 23-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռ...

22.03.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

22.03.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

22.03.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 22.03.2018, ժամը 15:00, 214 սենյակ: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ 22.03.2018, ժամը 11:00, 314 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am