National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.03.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովը մարտի 20-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ որոշ նախագծեր հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշումները:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ «Ելք» խմբակցության ներկայացրած առաջարկների շնորհիվ փաթեթը լրամշակվել եւ բարեփոխվել է: Մասնավորապես ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված առաջարկի համաձայն, այսուհետ ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը: Դրանք կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ համայնքի ղեկավարի համապատասխան թույլտվությամբ: Այս պահանջների խախտման համար սահմանվում է վարչական տուգանք:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով համապատասխանեցում է իրականացվում ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում ամրագրված դրույթներին:

Այս հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արման Սաղաթելյանը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն մարտի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Սահմանադրական դատարանի անդամների կազմից առաջադրել էր ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկածությունն առաջադրելու կապակցությամբ եւ ընդգծել, որ առաջադրումն իր համար ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ բարձր պատասխանատվություն է ենթադրում: Նա ներկայացրել է ՍԴ նախագահ ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու ծրագրերը՝ վստահեցնելով, որ անելու է առավելագույնը՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու, առավել լավ եւ հզոր երկիր ունենալու համար: Նա կարեւորել է նաեւ Սահմանադրական դատարանի միջազգային կապերի եւ հեղինակության պահպանումը, ՍԴ բանավոր դատաքննություններն ուղիղ հեռարձակելու հնարավորության ներդրումը, միջազգային դատախաղերի կազմակերպումը եւ այլն: Խոսելով ՍԴ գործառույթներից՝ Հրայր Թովմասյանը մասնավորապես ընդգծել է. «Սահմանադրական դատարանը եւ սահմանադրական արդարադատությունը չեն կարող գոյություն ունենալ իրավաքաղաքական վակուումի մեջ: Պետական ողջ համակարգը պետք է կառուցված լինի ժողովրդավարական արժեքների վրա եւ գործի Սահմանադրության դրույթներին խիստ համահունչ: Նույնիսկ ամենահզոր եւ կատարյալ սահմանադրական արդարադատության համակարգ ունեցող երկիրն ունակ չի լինի երաշխավորել Սահմանադրության բավարար մակարդակը, եթե այլ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք եւ հանրությունը սատար չկանգնեն սահմանադրական արժեքների պաշտպանությանը»:

ՍԴ նախագահի թեկնածուի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները:

Սամվել Ֆարմանյանը խոսել է ՍԴ նախագահի գործառույթներից, ընդգծել թեկնածուի մասնագիտական ունակություններն ու գիտելիքները: Պատգամավորը վստահություն է հայտնել, որ ՍԴ նախագահի թեկնածուն ի զորու է պատշաճ աշխատել այդ բարձր պաշտոնում, ինչի մասին վկայում է նրա աշխատանքը օրենսդիր մարմնում:

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար եւ պատգամավոր աշխատած ժամանակահատվածին եւ նրան ընձեռված հնարավորությանը՝ իրականացնելու բարեփոխումներ ոլորտում: Ըստ պատգամավորի՝ այսօր նրան տրվում է երրորդ բացառիկ հնարավորությունը՝ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք անվիճելի կլինեն: Նա նշել է, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, խոսել առկա խնդիրների, բարոյահոգեբանական մթնոլորտի եւ ընտրակեղծիքների մասին: Նա վերհիշել է Հրայր Թովմասյանի պատգամավորական գործունեությունը, մատնանշել նրա հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների թերությունները:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : Նա հաջողություններ է մաղթել ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին՝ ընդգծելով նրա մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները, պետականամետ գործունեությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է թեկնածուի անցած ճանապարհին, դրական արտահայտվել նրա աշխատանքի վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հորդորել է քվեարկությամբ հնարավորություն տալ ՍԴ նախագահի թեկնածուին՝ իրականացնելու իր գաղափարներն ու ծրագրերը՝ ի շահ եւ բարօրություն Հայաստանի ու նրա քաղաքացիների:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դրական տեսակետը թեկնածուի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Բոլորիս մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ Հրայր Թովմասյանը անձնական եւ այլ շահերից մշտապես վեր է դասել օրենքի գերակայությունը: Այստեղ նա անդրդրվելի է»,-ասել է խմբակցության ղեկավարը՝ ներկայացնելով թեկնածուի մասնագիտական բարձր որակները: Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատանքը՝ հավելելով, որ դժվար է նման բարձրակարգ մասնագետից հետո ղեկավարել կառույցը: Խմբակցության ղեկավարը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում Հրայր Թովմասյանն անդրադարձել է պատգամավորների հարցերին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած վստահության համար:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի թեկնածուի նշանակման քվեարկությունը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչեւ 11:30՝ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:

«Միջազգային պայմանագրերի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրանց կից մի շարք օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նշվել է, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով եւ միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ընթացակարգերի բարելավմամբ: Նախատեսվում է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը եւ չեղյալ հայտարարելն օրենքով. նախկինում վավերացվում էր ԱԺ որոշմամբ: Ըստ փոխնախարարի՝ դա բխում է Սահմանադրության եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներից: Նախագահի կողմից միջազգային պայմանագրի հաստատումը, կասեցումը կամ դադարեցումը կիրականացվի միայն կառավարության առաջարկի հիման վրա: Սահմանվել է կարգավորում հանրաքվեի միջոցով վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաեւ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման վավերացման, փոփոխման ու կասեցման համար: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության համապատասխանության համար ՍԴ դիմում է կառավարությունը: Վերացվել է միջազգային պայմանագրի միջպետական, միջգերատեսչական եւ միջկառավարական մակարդակների տարանջատումը: Միջազգային պահմանագրով պարտավորության ստանձնումը եւ պայմանագրի կատարումը կարող է ապահովել միայն պետությունը: Նախատեսվում է միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի մեկնարկ՝ վարչապետի հանձնարարության հիման վրա: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջազգային պայմանագրի նախագիծը կառավարության քննարկմանը եւ հավանությանը ներկայացվում է միայն ներպետական համաձայնությունից հետո: Սահմանվել են նախագծ??ի համաձայնեցման այնպիսի ընթացակարգեր, որոնց հիման արդեն նախնական փուլում հստակ պետք է երեւա, թե պայմանագիրն ԱԺ վավերացմանն է ենթակա, թե նախագահի հաստատմանը: Սահմանվել է ստորագրված, բայց ուժի մեջ չմտած միջազգային պայմանագրի չեղարկման ինստիտուտ, դյուրացվել է պայմանագրերի ստորագրման լիազորությունների տրամադրման կարգը: Բարձրացվել է իրավասու գերատեսչությունների դերը միջազգային պայմանագրային հարաբերություններում, մասնավորապես նախագծային փուլում ստորագրման, վավերացման կամ հաստատման առաջարկություն կառավարությանը ներկայացնելու է իրավասու գերատեսչությունը, ԱԳՆ-ն այդ ոլորտում պահպանելու է վերահսկողական դերը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է միջազգային պայմանագրային հարաբերություններում իրավասու գերատեսչությունների դերի բարձրացմանը վերաբերող դրույթը: Պատգամավորն առաջարկում է դրույթ սահմանել, որով Ազգային ժողովը կամ ԱԺ գլխադասային հանձնաժողովը տեղեկացվի խորհրդարանի վավերացմանը ներկայացվող նախագծերի պատրաստման գործընթացի վերաբերյալ կամ ԱԺ-ն որոշակի պարբերականությամբ դիմի ու ստանա համապատասխան տեղեկատվությունը:

Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններով ԱԳՆ համակարգում փոխվել են պաշտոնները. ԱԳ փոխնախարարները քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, դեսպանները՝ վարչական, ինչը ենթադրում է նշանակման եւ ազատման համապատասխան ընթացակարգ: Հստակեցվել են դիվանագետների ռոտացիային, առաջխաղացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններին վերաբերող հասկացությունները, սահմանվել մրցութային կարգով դիվանագետի առաջխաղացումը:

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաեւ գլխավոր քարտուղարի պաշտոնին վերաբերող դրույթին՝ նշելով, որ ի տարբերություն այլ նախարարությունների՝ ԱԳՆ-ի առանձնահատկությունը դիվանագիտական ծառայությունն է, որի գլխավոր պաշտոնատար անձը գլխավոր քարտուղարն է: Օրենքի նախագծով նախատեսվել են դրույթներ, որոնք արձանագրում են այդ առանձնահատկությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ հանձնաժողովում դրական եզրակացություն է տրվել՝ աշխատանքային ձեւաչափում խնդիրները քննարկելու եւ թերությունները շտկելու պայմանով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի նկարագրման հարցում հստակ պահանջներ պետք է սահմանվեն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են կառավարության ներկայացրած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ դրանց կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ու ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Ռուստամ Մախմուդյանի, Հակոբ Բեգլարյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել հեղինակը: Նախագծով կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակեն իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Կազմակերպություններն օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սահմանված ժամկետները լրանալուց հետո պետք է տրամադրեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին նրանց դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մանե Թանդիլյանի խոսքով՝ վարչական պատասխանատվություն է նախատեսվում հաշվետվություն չտրամադրող ընկերությունների նկատմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը հարակից զեկույցում նշել է, որ կառավարության համար ընդունելի է պատգամավորի առաջարկը: Հեղինակի հետ համաձայնություն է ձեռք բերվել կառավարության առաջարկների առնչությամբ: Փոխնախարարն ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակեպությունների ֆինանսական հաշվետվությունների հասանելիության ապահովմանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական առաջարկին:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ նպատակն է բացառել պետական բյուջեի ֆինանսական ռեսուրսների օգտագործումը քարոզչություն իրականացնելու ժամանակ: Առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական, տրանսպորտային եւ կապի միջոցները, տարածքները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը հանրային ծառայողներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Բացառություն են կազմում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումները:

Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին եւ ընտրական հանձնաժողովների անդամներին: Ազգային ժողովի պատգամավորին եւ անմիջականորեն՝ ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին եւ ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով փաթեթի ընդունումը, ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար կարեւորել է խիստ պահանջների նախատեսումը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հակոբ Բեգլարյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը փոխանցել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի կարգավորել կոշտ կենցաղային թափոնների տեղափոխման ու տեղադրման հարցերը: Նախագծով կոշտ կենցաղային են համարվում այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում ու կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել աղբաթափությունը, բարելավել աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների որակը: Սահմանվում են աղբահանության տարբեր դրույքաչափեր՝ կախված աղբի տեսակից, ծավալից, շինության տեսակից եւ այլն:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վարդեւան Գրիգորյանը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը , որը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը: Նախագծով առաջարկվում է թույլատրել արտերկրում սովորող պատանիներին ավարտել ուսումը, երբ արդեն լրացել է նրանց 18 տարին:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Մարդուն օրգաններ եւ /կամ/ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ առողջապահության փոխնախարարր Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որի ժամանակ ի հայտ են եկել դրվագներ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Պատգամավորը ներկայացրել է իր դիտարկումները, անդրադարձել այդ ողբերգական դեպքերից հետո՝ 2008-2009 թվականներին խորհրդարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաեւ՝ մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում հնչած խնդրահարույց տեսակետներին: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության եւ նախաքննության մարմնի գործունեությանը՝ կարծիք հայտնելով, թե սպանությունների հեղինակների բացահայտման առնչությամբ անհրաժեշտ նախաքննություն եւ քննչական գործողություններ չեն իրականացվում:

ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը: Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի դիտարկումները շատ ավելի ընդարձակ էին, քան տեղի է ունեցել հանձնաժողովում: Քննարկումները տեղի են ունեցել իրավական հարթությունում, անդրադարձ է եղել նաեւ տուժողների իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու հարցին, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին չկան տեղեկություններ նման հայցով դիմելու, մերժման կամ բավարարման վերաբերյալ:

Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը, Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Կոստանյանը, Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծի դրույթներին, մասնավորապես տուժողների եւ նրանց իրավահաջորդների փոխհատուցմանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանը՝ անհամաձայնություն հայտնելով նախագծի որոշ ձեւակերպումների առնչությամբ: Փոխհատուցման հարցը, բանախոսի խոսքով, կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով: Քրեական գործով տուժող ճանաչվելու մասով պատգամավորը նշել է, որ եթե տուժող ճանաչված չլինեին, չէին կարող օգտվել տուժողի իրավահաջորդի իրավասություններից եւ Եվրոպական դատարան դիմելու իրավունքից: Նախաքննություն չիրականացվելու մտահոգությունների առնչությամբ Գեւորգ Կոստանյանը հստակեցրել է՝ եթե քրեական գործով վարույթը կարճելու, կասեցնելու եւ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին որոշումներ չեն կայացվել, հետեւաբար քրեական գործը վարույթում է: «Խնդիրն այն է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, բայց դա չի նշանակում, որ որեւէ քրեական գործով գործողություններ չեն իրականացվում»,-ասել է խմբակցության ներկայացուցիչը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ կարգավորվում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման, շրջանառության, մարման, թողարկողի գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողության, ապահովման միջոցների զամբյուղի նկատմամբ մոնիթորինգի, հիփոթեքային կառավարչի նշանակման եւ նրա գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված այլ հարաբերություններ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ փաթեթի ընդունումը կաշխուժացնի հիփոթեքային շուկան:

Ներսես Երիցյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով : Ըստ բանախոսի` առաջարկվող փոփոխություններով արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կունենան բացառապես ֆոնդի կարգավիճակ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


20.03.2018
Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդա...

20.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակ...

20.03.2018
Ազգային ժողով են այցելել Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ տնօրենը: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթութ...

20.03.2018
ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ մարտի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հ...

20.03.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, հարգելի՛ բարեկամներ, ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանում Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի կապակցությամբ այս հատ...

20.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Նալբանդյան, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ֆրասսա, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի...

20.03.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-34) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS