National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.03.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ներկայացրել են ԱՄՆ կատարած այցի մանրամասները
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի՝ մարտի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի մանրամասները՝ նշելով, որ օրակարգը եղել է բավականին հագեցած: Այցը մեկնարկել է հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով:

«Կարնեգի» հիմնադրամում Ռուսաստանի եւ եվրասիական ծրագրի փոխնախագահի ու ավագ փորձագետի հետ տեղի են ունեցել քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների, դրանց հետկանչման, տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու այդ համատեքստում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի գերակայություններին:

Արփինե Հովհաննիսյանի ու ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են նաեւ «Օժանդակությունից անցում առեւտրային հարաբերությունների» համագործակցության նոր ձեւաչափը:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերականգնման հարցը:

Այցի շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպմանը հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ տարվող համալիր պայքարի մասին:

ԱՄՆ Պետական դեպարտամենտում քննարկվել են Հայաստանի դատական իշխանության անկախության ապահովմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով այցը, փաստել է, որ ԱՄՆ-ում փորձել են համադրելի եւ փոխշահավետ ընդհանրություններ գտնել առանցքային հարցերի վերաբերյալ: Պատգամավորն առանձնացրել է փորձագիտական մակարդակով անցկացված հանդիպումները, որտեղ քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության հարցեր:

Ըստ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի՝ այս անգամ հայ համայնքի մտահոգությունների առանցքում էին նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն ու տնտեսության զարգացումը:

Խոսելով ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ՝ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը փաստել է, որ բոլոր հանդիպումների ընթացքում եղել են կառուցողական քննարկումներ, հայ խորհրդարանականները հնչեցրել են կարեւոր ազդակներ առ այն, որ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը բխում է միայն մեր ազգային ու պետական շահերից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am