Տպել
13.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ:
Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-ռուսական միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները խարսխված են բազմադարյան բարեկամության եւ պատմական ամուր կապերի վրա:

Արա Բաբլոյանը նշել է, որ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքը, որը հարթակ է երկու երկրների օրենսդիրների երկխոսության համար եւ հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ շրջանակ:
Արա Բաբլոյանը կարեւորել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ նշել, որ այս գործում մեծ է օրենսդիր մարմինների համապատասխան հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի գործունեության դերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում:
Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել օրվա առաջին համատեղ նիստում քննարկված հարցերը եւ նշել, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը եւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Պարոն Կոսաչովը նույնպես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ փոխշահավետ համագործակցության դերը միջազգային կառույցներում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգրկված են մոտ յոթ վեհաժողովի կազմում. հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա պատահական համընկնում չէ, խոսքը ընդհանուր հետաքրքրությունների մասին է:
Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ համատեղ նիստերի ընթացքում քննարկված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերը հնարավորինս արագ կլուծվեն:
Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...