Տպել
12.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցին` շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի եւ հատկապես լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է. «Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի եւ Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձնահատուկ մոտեցման: Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, եւ հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում»:

ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի եւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Պավել Չեպլակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել եւ խորացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Պարոն Չեպլակը կարեւորել է ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային կապերի խորացմանն ուղղված քայլերը ւ ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որ առաջիկայում պատրաստվում է կազմակերպել եւ մասնակցել Լեհաստանի դեսպանությունը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:

Դեսպան Չեպլակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...