Տպել
07.03.2018
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 7

Մարտի 7-ին շարունակվել է խորհրդարանի նախօրեին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ օրենսդրական էական փոփոխություններ են իրականացվում. մի կողմից օրենսդրությունը համապատասխանեցվում է նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի են առնվում ԵԱՏՄ եւ ԵՄ մրցակցության կանոններն ու սկզբունքները: Նոր օրենսդրությամբ բարձրացվում է մրցակցության պաշտպանության մարմնի կարգավիճակը, հստակ ամրագրվում է, որ այն անկախ ինքնավար մարմին է: Նշվել է, որ պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին: Արտակ Շաբոյանի խոսքով՝ հնչած առաջարկներն առաջիկայում կքննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Զեկուցողի համոզմամբ՝ նոր փաթեթը կնպաստի հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կնպաստի մեր երկրում մրցակցային պայմանների բարելավմանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ վերջինիս նախապատրաստումը պայմանավորված է նոր Սահմանադրության պահանջներին օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին: Բացի այդ, օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Անդրանիկ Հարությունյանը:

Նիստի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունել են արտահերթ նիստի ընթացքում քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...