National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.03.2018
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 3

Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշմամբ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի թեկնածու Տաճատ Վարդապետյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրային խորհրդի մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքների լրամշակված նախագծերը: Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Փաստաթղթով սահմանվում են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը եւ կարգը, հստակեցվում է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, ամրագրվում են ՀՀ պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները:

Օրենքից հանվել են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու ՀՀ Նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: Հանրապետության նախագահին ՀՀ պետական պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն կունենան վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Նախատեսվում է ունենալ «Հայրենիքի շքանշան», որը կհանձնվի երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: «Հայրենիքի շքանշան» ստացած անձը հանդիսանալու է Հայաստանի ազգային հերոս:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հեղինակը կքննարկի մինչեւ երկրորդ ընթերցում:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Հանրաքվեի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական նախագծով կարգավորվում են «հանրաքվե» հասկացությունը եւ դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը եւ այն փաստաթղթերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: Հստակեցվում են հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները:

Հանրաքվեն առանձնացվում է որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձեւ: Այն նախատեսվում է անցկացնել ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Ռուստամ Մախմուդյանը փոխանցել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Արտակ Զեյնալյանը: Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է ընտրական գործընթացներում առկա ընտրակեղծիքներին եւ նշել, որ խնդրին առնչվող դրույթները նախագծում հեղհեղուկ են եւ հստակեցման կարիք ունեն: Ըստ նրա՝ նախակրթարաններում եւ հանրակրթական հաստատություններում եւս իրականացվում են ընտրակեղծիքներ: Գործընկերոջ տեսակետները պաշտպանել է Արտակ Զեյնալյանը՝ առաջարկելով ուսուցիչներին արգելել զբաղվել քարոզչությամբ թե աշխատաժամին, թե դրանից հետո:

Ամփոփիչ ելույթներում Արթուր Հովհաննիսյանը եւ Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին, տվել պարզաբանումներ: Վերջինս մասնավորապես նշել է, որ ուսուցիչներին քարոզչությամբ զբաղվելն արգելելը կսահմանափակի նրանց սահմանադրական իրավունքը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ օրենսդիրները քննարկել են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ 17 նախարարից՝ ներկայիս 18-ի փոխարեն: Կառավարությունը կհամարվի կազմավորված, երբ նշանակված կլինի կառավարության անդամների երկու երրորդը: Նախագծով ամրագրվում են նաեւ այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Սահմանվում են ՀՀ կառավարության կազմը, կառուցվածքը եւ գործունեության կարգը` ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաեւ կառավարության անդամների գործունեության երաշխիքները:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:

Սահմանվում են կառավարության աշխատակարգը, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, հրաժարական ներկայացնելու կարգը: Ընդունվելու պարագայում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը:

Նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, թեպետ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է ընթանալ դռնբաց:

Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը, կառավարությանը, վարչապետին ու նախարարություններին ենթակա մարմինները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել եւ նախագծի առանձին դրույթներին` մասնավորապես՝ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հարցին անդրադարձել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ այս դրույթը չի հակասում ժողովրդավարությանը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ուսումնասիրել է այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Մոլդովայի կառավարությունների կառուցվածքը, ներկայացրել իր ուսումնասիրության արդյունքները: Այս համատեքստում փոխնախագահն առաջարկել է ստեղծել Արցախի հետ ինտեգրման հարցերով զբաղվող նախարարություն:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Կորյուն Նահապետյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի քննարկումն արդյունավետ կառավարում ապահովելու տեսանկյունից եւ անդրադարձել խորհրդարանական վերահսկողության գործառույթներին՝ նշելով, որ ոստիկանությունը, որպես գործադիր իշխանության մաս, նույնպես պետք է ենթակա լինի խորհրդարանական վերահսկողության:

Հակոբ Հակոբյանը կարեւորել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի գործակցի հարցին՝ նշելով, որ այն չպետք է պակաս լինի վարչապետի աշխատավարձի գործակցից:

Գեւորգ Գորգիսյանը մտահոգություն է հայտնել, որ երկիրն անցում է կատարում վարչապետական կառավարման: Ըստ նրա՝ բոլոր կարեւորագույն օղակները հանձնվում են վարչապետի ենթակայությանը: «Սա անընդունելի է եւ հղի է լրջագույն վտանգներով»,-նշել է պատգամավորը:

Խոսրով Հարությունյանն անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին, նշել է, որ այն ընտրած երկրներում քաղաքական ողջ պատասխանատվությունը ստանձնում է գործադիր իշխանությունը: Նա նաեւ նշել է, որ նախարարությունն է մշակում տվյալ ոլորտի պետական քաղաքականությունը, իսկ ենթակա կառույցներն այն իրականացնում են: Պատգամավորը նշել է, որ փաթեթում առկա են որոշ խնդիրներ, որոնք իրենց լուծումը կգտնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու վերաբերյալ դրույթին, անընդունելի է համարել եվրոպական զարգացած երկրների հետ համեմատությունը: Ըստ նրա՝ դռնփակ նիստը հետընթաց քայլ է ժողովրդավարությունից:

Արման Սաղաթելյանը նույնպես անդրադարձել է կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու հարցին, բերել մի շարք երկրների օրինակը, որոնց գործադիր իշխանությունների նիստերն ընթանում են դռնփակ ձեւաչափով: Պատգամավորի խոսքով՝ շահարկումներն այս հարցի վերաբերյալ անտեղի են:

Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ ապագա վարչապետի անմիջական ենթակայությանն անցնելու վերաբերյալ դրույթը: Պատգամավորը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ապագա կառավարության նիստերին պատգամավորներին մասնակցելու իրավունքից զրկելու հարցի առնչությամբ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը բնական է համարել, երբ խորհրդարանի բարձր ամբիոնից հարցերի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, ինչն առաջին հերթին խոսում է ժողովրդավարության մասին:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ քննարկվող օրենսդրական փաթեթը բխում է սահմանադրական բարեփոխումների ոգուց: Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին, թե փաթեթով ապագա վարչապետին տրվում են անհամեմատ շատ լիազորություններ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանական համակարգն ընտրած յուրաքանչյուր երկրում «առաջին ջութակը» գործադիր իշխանության ղեկավարն է: ԱԺ նախագահի տեղակալը բերել է Հունաստանի, Գերմանիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրների օրինակները:

«Չկա խորհրդարանական երկիր, որի վարչապետը չունենա լուրջ լիազորություններ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն դնելով վարչապետի ենթակայության տակ՝ բարձրացվում է ապագա գործադիր իշխանության ղեկավարի պատասխանատվության մակարդակը:

Եզրափակիչ խոսքում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հորդորել է ներկայացնել գրավոր առաջարկություններ եւ հույս հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլնի բարելավել օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել է 33 առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել եւ ներառվել են փաթեթում: Ըստ այդմ՝ փոխվել է ներում շնորհելու հասկացությունը, առանձին գլխով սահմանվել են ներման դեպքերը: Կարգավորվել են անցումային դրույթները:

«Ներում չի կարող շնորհվել խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց համար»,- նշել է հիմնական զեկուցողը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կարեւորել օրենսդրական փաթեթի ընդունումը:

Պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկել է ներում շնորհել առանց խնդրագրի ներկայացման:

Եզրափակիչ խոսքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անընդունելի է համարել նման դրույթի ներառումը օրենսդրական փաթեթում:

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն առաջին ընթերցման է ներկայացրել «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինով կարգավորվում են ՀՀ-ում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի գործողությունը տարածվում է Հանրապետության նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների աշխատակազմերի, դատախազության, քննչական, անկախ պետական ինչպես նաեւ ինքնավար, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների, անվտանգության խորհրդի քարտուղարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Հիմնական զեկուցողը նշել է, որ օրենսդրական փաթեթով նախկին աշխատակազմի ղեկավարները կոչվելու են գլխավոր քարտուղարներ, հստակեցվել են նրանց եւ տեղակալների գործառույթները:

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է արդիականացնել քաղաքացիական ծառայության ոլորտը:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են քաղաքացիական ծառայություն հասկացությանը, քաղծառայության մրցունակությանը մասնավոր հատվածի նկատմամբ, քաղծառայողի հաշվետվողականությանը, վերապատրաստմանը, փորձաշրջան անցնելու ժամկետին, մրցութային էլեկտրոնային թեստերի նպատակահարմարությանն ու այլ խնդիրների:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի կարծիքով՝ այս նախագծերով պետք է լուծվի իշխանության թեւերին վերապահված գործառույթների իրականացման նպատակով մշակված չափանիշների միասնականությունը: Նա նշել է, որ պետք է բացառել միեւնույն կարգավճակ ունեցող ծառայողների նկատմամբ տարբերակված մոտեցումը: Ռուստամ Մախմուդյանը կարեւորել է նաեւ հանրային ծառայության բնագավառում վարձատրության քաղաքականության համաչափության ու ողջամտության ապահովումը: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշելով, որ թեեւ սկզբունքային սահմանումների խիստ անհրաժեշտություն կա, կարեւորել է նախագծերի փաթեթի ընդունումը:

Արաիկ Հովհաննիսյանը նախագծերի փաթեթը բնութագրել է համակարգաստեղծ, նշելով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնց պետք է լուծում տրվի` հստակեցնելով յուրաքանչյուր ոլորտի իրավասությունները, պարտականությունները, լիազորությունները:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եզրափակիչ ելույթում կոչ է արել հետագա քննարկումերի համար ներկայացնել առաջարկությունները, կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` առաջարկվող նախագծերով ՀՀ քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերը կհամապատասխանեցվեն 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին:

Նշվել է, որ հստակեցվել են դատական վարույթի հրապարակության վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում` սահմանվել եզրափակիչ դատական ակտերի` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկելու վերաբերյալ դրույթներ, ամրագրվել են թարգմանչի ծառայություններից օգտվելու, փաստաթղթերը դատավարության լեզվին համապատասխան ներկայացվելու եւ դատավարության լեզվի սկզբունքից բխողն որ պահանջներ:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախագիծը բաղկացած է եղել երկու մասից: Այդուհանդերձ այն խորհրդարանին ներկայացվել է առանց երկրորդ մասի, ինչը հանձնաժողովի կողմից չէր ստացել դրական եզարակացություն: Դրան անդրադարձ կկատարվի ավելի ուշ՝ մասնագիտական շրջանակներում լրացուցիչ քննարկումներից հետո:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում նրանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ հանձնաժողովի արտահերթ նիստում նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել:

«Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նա նշել է, որ քննարկվել են ներկայացված բոլոր առաջարկությունները` վտահեցնելով, որ նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման եւ գործունեության իրավական դաշտը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպամության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում եւ ԵՏՄ-ում գործող իրավական ակտերը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ըստ զեկուցողի՝ նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկել է օրենքի նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ` հետագայում լրամշակելու պայմանով:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը աշխատանքը կշարունակի մարտի 7-ին:


06.03.2018
«Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնա...

06.03.2018
Ազգային ժողովում հյուրընկալվել են «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին ՀՀ ԱԺ են այցելել «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները: Հյուրերը հետեւել են խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ: Կրթական ոլորտի բարեփոխումներ, արտերկրում սովո...

06.03.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխո...

06.03.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ...

06.03.2018
«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կե...

06.03.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am