Տպել
06.03.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Նախագծով առաջարկվել է փոխել օրենքի վերնագիրը, եւ այն անվանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք:

Առաջարկվել է նաեւ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում»:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նպատակն է խուսափել «Հաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով եւ այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրության 145-րդ հոդվածի 2-րդ մասի կատարումը:

Հանձնաժողովն առաջարկել է օրենքի նախագիծն ընդգրկել մարտի 6-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում: