Տպել
01.03.2018
Խորհրդարանը քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը
1 / 10

Մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Պատգամավորները ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով թեկնածուին, անդրադարձել է նրա անցած ուղուն եւ մասնագիտական գործունեությանը: Մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը` նա ասել է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի այն մարդը, ով ունի անցած ճանապարհ, ճանաչում եւ կարող է պատշաճ մակարդակով ներկայացնել երկիրը եւ ներսում, եւ դրսում: Նախագահը պետք է ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել. այդ մարդն Արմեն Սարգսյանն է:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել առաջադրված թեկնածուին:

Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար: «Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է` հաշվի առնելով, որ մեր երկիրը թեւակոխում է մի նոր փուլ` անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի»,- ասել է թեկնածուն:

Խոսելով անկախության 26 տարիների մասին` նա անդրադարձել է այդ ժամանակահտվածի դժվարություններին ու ձեռքբերումներին` առանձնահատուկ ընդգծելով արցախյան ազատամարտում մեր ժողովրդի տարած հաղթանակը:

«Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ անհրաժեշտ են որակական անցումներ եւ էական տեղաշարժեր ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ տնտեսության մեջ ու հասարակական կյանքում»,- նշել է Արմեն Սարգսյանը կարեւորելով` խորհրդարանական կառավարման համակարգում պետական ապարատի արդյունավետության բարձրացումը, պետական մարմինների փոխհամաձայնեցված գործունեությունը:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին` նա կարեւորել է մարդու իրավունքների եւ ազատությունների հարգումը, իրավապահ մարմինների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջեւ, ժողովրդավարության, օրինականության, արդարության, հրապարակայնության ապահովումը, օրենքի հավասարությունը:

Հանրապետության նախագահի թեկնածուն առանձնացրել է այն սկզբունքները, որոնք դրվելու են իր գործունեության հիմքում:

Նա անհրաժեշտ է համարել հասարակության միասնականությունը` ընդգծելով, որ անհանդուրժողականությամբ մենք խոցելի ենք դառնում արտաքին թշնամու առջեւ: «Իրականում խնդիրն այն է, որ անհանդուրժողականության դեմ կանաչ լույս վառելով` ինքներս ենք կոտրում լավ ապագա ունենալու բոլոր հույսերը: Անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է, ազատ մտքի եւ ազատ կարծիքի արտահայտումը, միմյանց լսելու եւ հասկանալու անգնահատելի կարողությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Խոսելով կոռուպցիոն երեւույթների մասին` նա նշել է, որ վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող համակարգված հետեւողական աշխատանքը պետք է ունենա հանրային աջակցություն: Թեկնածուի խոսքով` օրինականության ամրապնդման յուրաքանչյուր առանձին փաստ նպաստելու է հասարակության վստահության աճին, ինչն էլ իր հերթին պարարտ հող կստեղծի օրինականության ամրապնդման ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Անդրադառնալով քաղաքացիական հասարակության կարուորությանը` Արմեն Սարգսյանը ասել է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա կրել պատասխանատվություն երկրի զարգացման գործում: Նրա խոսքով` քաղաքացի լինելն այն եզակի ռեսուրսներից է, որ մեզ կձերբազատի ամեն ինչում մեղավորներ ու պատասխանատուներ փնտրելու երեւույթից:

Արմեն Սարգսյանը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, նշել է, որ այդ օրերին հայությունը միասնաբար ոտքի կանգնեց Արցախի պաշտպանության համար: Նա կարեւորել է հայ ժողովրդի միասնությունը, քանի որ Արցախի հիմնախնդիրը, ինչպես նաեւ երկրի ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության կառուցման հարցերը կարող են լուծվել միայն ընդհանուր ջանքերով:

Թեկնածուն, կարեւորելով սոցիալական արդարությունը, նշել է, որ այդ պահանջը մեր հասարակության զգայուն խնդիրներից է: Քաջալերելով սոցիալական անարդարության վերացման պետության նախաձեռնությունները, անհատների եւ հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, բարեգործական ծրագրերը` թեկնածուն կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, հարցի համակարգային եւ ամբողջական լուծումը կարեւոր խնդիրներից է:

Նա համոզմունք է հայտնել, որ քայլ առ քայլ հնարավոր կլինի հասնել մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը` թիրախային, նախապես մշակված գործողություններով առաջնորդվելու դեպքում: Արմեն Սարգսյանի խոսքով` պետության առաջընթացը պահանջում է կառուցվածքային, նորմատիվ-իրավական, գործառութային, կազմակերպչական լուրջ փոփոխություններ, սոցիալական բոլոր համակարգերում հստակ գործող կառուցակարգեր, հասարակական հարաբերությունների լիարժեք եւ արդյունավետ օրենսդրական կարգավորում: «Ես երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա դինամիկ, զարգացող, ինտելեկտուալ երկիր եւ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբեկտ` ավելի ամրապնդի իր դիրքերը որպես անկախ եւ ժողովրդավար պետություն»,-նշել է առաջադրված թեկնածուն::

Կարեւորելով հայկական սփյուռքի դերը` Արմեն Սարգսյանը հայրենիքի գիտական, կրթական, տնտեսական, սոցիալական կարեւորագույն խնդիրների լուծման գործում անհրաժեշտ է համարել Սփյուռքի ներուժի ամբողջական օգտագործումը: «Հայկական սփյուռքի գոյությունն ու գործունեությունն ինքնանպատակ չէ. դա սոսկ լեզվի, հավատի, հայրենի ավանդույթների պահպանություն չէ: Սփյուռքը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման կարեւորագույն լծակներից մեկն է` հայրենքի կողքին հավասար իրավունքներով եւ պատասխանատվությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով արտագաղթին` Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ժողովրդագրական խնդիր է, որը բնորոշ է բազմաթիվ երկրների: Այս առնչությամբ նա ներկայացրել է իր մոտեցումները` նշելով, որ ճանապարհները հաղթահարելու խնդիրները ոչ միայն օրենքներն ու որոշումներն են, այլ նաեւ պարզ հայրենասիրական ու մարդկային վերաբերմունքը:

Նախագահի թեկնածուն անհրաժեշտ է համարել բարձր որակի կրթական համակարգ ունենալը, նշելով, որ առաջատար կենտրոններ թեպետ կան, բայց հարկ է վերագնահատել կրթական համակագը, ուղղելով դեպի 21-րդ դար: Ըստ նրա` այն պետք է լինի համընդհանուր` ներառելով նաեւ Սփյուռքը: Արմեն Սարգսյանը գտնում է, որ պետք է եղածը պահպանել եւ ստեղծել նորը` 21-րդ դարին համահունչ:

Մեր երկրում ներդրումների ակտիվացման հարցում թեկնածուն կարեւորել է կոռուպցիայի վերացումը, մշակութային արդարությունը, օրենսդրական կայուն միջավայրը եւ ներդրողի նկատմամբ բարիացակամ մթնոլորտը:

Խոսելով 21-րդ դարի մարտահրավերների մասին` Արմեն Սարգսյանը նշել է, որ այն լինելու է նոր տեխնոլոգիաների դար, որտեղ հայ ժողովուրդն իր ունակություններով մեծ հնարավորություններ ունի:

Նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում իր ողջ եռանդը, փորձն ու նվիրվածությունը ի սպաս կդնի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ու Սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը: Կգործի ՀՀ Սահմանադրությանը հավատարիմ, կլինի մեկը` ով ոչ միայն կկատարի Հանրապետության նախագահի, այլեւ ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականությունը: «Փորձելու եմ իրականացնել ազգային միասնության գաղափարը` մեր երկիրը դարձնել մեկ ազգ, մեկ ժողովուրդ»,-ասել է թեկնածուն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Միհրան Պողոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ձեւաչափում փորձել են պարզել մի շարք ոլորտների զարգացման վերաբերյալ Հանրապետության նախագահի թեկնածուի տեսլականը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Նա նշել է, որ այս թեկնածությունն առհավատչյան է այն փաստի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումներն ու առաջարկները միշտ հիմնավոր են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Արմեն Սարգսյանի ելույթի հիմնական սկզբունքներին: Նա առանձնացրել է ազգային միասնությունը, որի կյանքի կոչման հարցում կարեւորել է հնչեցված քաղաքացիական հասարակություն գաղափարը, երբ ՀՀ քաղաքացին իրեն տեր է զգում՝ նաեւ պատասխանատվություն վերցնելով իր ուսերին, քանի որ առանց քաղաքացու պատասխանատվության որեւէ իշխանություն չի կարող լուծել խնդիրներ ու առկա մարտահրավերներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ ժողովրդագրական խնդիրների, քրիստոնեական բարոյականության գաղափարի շուրջ նախագահի թեկնածուի տեսլականին:

Խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին` նա ընդգծել է, որ արցախահայության խնդիրը, Արցախի միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի չորրորդ նախագահի քաղաքականության առանցքում:

«Լսելով ձեզ՝ ես տեսա պետական եւ լավատես գործչի, որը հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը եւ որ 25 տարի հետո մենք ունենալու ենք ավելի ուժեղ, ավելի ազգային, ավելի ժողովրդավարական Հայաստան»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա կարծիքով` պետք է կատարել ճիշտ ընտրություն եւ առաջիկա տարիների ընթացքում գնալ դեպի ուժեղ, ազգային, միասնական հայոց աշխարհ:

Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրության վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ խորհրդարանը պատմական նշանակության որոշում է կայացնելու՝ ընտրելով Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահին: Պատգամավորը նշել է, որ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը դրական սպասումների ալիք է բարձրացրել հանրության շրջանում:

Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ համահայկական նոր օրակարգ ձեւավորելու նախաշեմին է մեր երկիրը եւ այդ իմաստով վստահություն է հայտնել, որ Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրության քննարկումը բերելու է նոր հանգրվանի՝ վերաիմաստավորելու ապագայի վերաբերյալ մոտեցումները: Նա կարեւորել է նախագահի թեկնածուի ելույթի գաղափարախոսությունը:

Արմեն Աշոտյանը դրական է գնահատել Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրումը, ողջունելի համարել նրա ելույթում հնչած գաղափարները, կարեւորել խորհրդարանական կառավարման անցման փուլում Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը:

Սամվել Նիկոյանն անդրադարձել է թեկնածուի առաջադրման նախադրյալներին եւ քաղաքական գործընթացներին, բարձր գնահատել խնդիրների լուծման հարցում նրա տեսակետներն ու սկզբունքները: «Դուք ճանաչում եք աշխարհի փորձը եւ այն կարող եք տեղայնացնել Հայաստանում»,-ընդգծել է Սամվել Նիկոյանը:

Խոսրով Հարությունյանը պատմական է գնահատել Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունն օրենսդիր մարմնում, եւ անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիներին, որոնք իր ելույթում մատնանշել է հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Մանե Թանդիլյանն անդրադարձել է Հանրապետության նախագահի այլընտրանքային թեկնածու առաջադրելու հնարավորության բացակայությանը եւ դա անընդունելի համարել ժողովրդավարության տեսանկյունից: «Մենք պետք է ինստիտուտներն ուժեղացնենք, հակակշռող, հավասարակշռող հնարավորություն տանք տարբեր ինստիտուտներին, իշխանության թեւերին, որպեսզի առաջ գնանք»,-շեշտել է նա:

Մարգարիտ Եսայանն անդրադարձել է Հանրապետության նախագահի ընտրության նոր ընտրակարգին, կարեւորել դրա ներդրումը: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեկնածուն հաշվի է առնելու ցանկացած օբյեկտիվ քննադատություն եւ դիտողություն: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկելու:

Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է թեկնածուի ելույթի հիմնադրույթներին եւ սկզբունքներին, կարեւորել երկրում բարեփոխումների իրականացումն ու դրանց շարունակականության ապահովումը: Պատգամավորն Արմեն Սարգսյանին առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել կրթության ոլորտն ու դրա զարգացումը: Նա հույս է հայտնել, որ թեկնածուն կմիավորի համայն հայությանը:

Արարատ Միրզոյանը եւս անդրադարձել է թեկնածուի ելույթի դրույթներին՝ հավելելով, որ դրանք կիսատ էին եւ չեն առաջարկում լուծումներ: Նա տեղեկացրել է, որ դեմ է քվեարկելու:

Արտակ Զեյնալյանը խոսել է քաղաքական մշակույթի, Հանրապետության նախագահ առաջադրվելու սահմանադրական սահմանափակումների մասին, անդրադարձել Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին: «Այս ընտրական իրավունքը թերի է»,-ընդգծել է նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի առաջադրման լեգիտիմությանն ու քաղաքացիությանը, նրա՝ վերջին վեց տարում մշտապես Հայաստանում բնակված լինելու հարցին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաեւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության բացասական տեսակետը, խոսել սահմանադրական փոփոխություններից:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության ղեկավարը հաջողություններ է մաղթել թեկնածուին՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում նորընտիր նախագահը պետք է շարունակի եւ պահպանի երկրի ձեռքբերումները՝ հրաժարվելով բացասական երեւույթներից: «ՀՀ նախագահի ընտրության հարցում խորհրդարանում կա փոխհամաձայնություն»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ է միայն «Ելք» խմբակցությունը: «ՀՀ Սահմանադրությունը պետք է միս ու արյուն դառնա»,-դիմելով թեկնածուին՝ ասել է խմբակցության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահե Էնֆիաջյանը: Խմբակցության քարտուղարը փոխանցել է Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումների եւ քննարկումների դրական տպավորությունը եւ խմբակցության որոշումը՝ պետք է թեկնածուին հնարավորություն տալ իրականացնելու իր մոտեցումներն ու ծրագրերը: «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ առաջադրված թեկնածուն ընտրվելու դեպքում իր հաջողությունները կուղղի երկրի բարգավաճմանը եւ բարօրությանը: Նա ընդգծել է, որ արտերկրում աշխատած տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանը Սփյուռքի հետ կապելու, մեր երկրի միջազգային ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ առաջադրված թեկնածուի հանդիպումները տարբեր ուժերի հետ:

Եզրափակիչ խոսքում Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ուժերին տեսակետների համար, անդրադարձել պատգամավորների ելույթներին, որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ընտրվելու դեպքում իր փորձառությունը, եռանդը եւ նվիրվածությունը կներդնի մեր պետության բարգավաճմանը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման տեղի ու ժամի մասին արձանագրությունը, նշել է, որ ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, մարտի 2-ին՝ ժամը 10:30-11:30:

Օրվա ընթացքում Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրն ընդհատված Կառավարության ներկայացրած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ հարցը հանձնաժողովում մանրամասն քննարկվել եւ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա բովանդակային փոփոխության է ենթարկվել:

Պատգամավորները քննարկել են Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը :

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Սահմանադրության 83-րդ հոդված համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը: Նա նշել է, որ վերջինս զբաղեցրած պատասխանատու բոլոր պաշտոններում իրեն դրսեւորել է գիտնական-իրավաբանի, կազմակերպչի, լավագույն հատկանիշներով մարդու, քաղաքացու ընդգծված հատկանիշներով: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է թեկնածուի նպատակասլացությունն ու հետեւողականությունը: Նշվել է, որ թեկնածուն լուրջ դերակատարում է ունեցել սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ աշխատելով Հանրապետության նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի կազմում, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը ստացել է՝ պաշտպանելով «Կառավարման կիսանախագահական ձեը Հայաստանի Հանրապետությունում» գիտական թեզը: Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանն իր կենսագրությամբ եւ կատարած աշխատանքով արժանիորեն նվաճել է ՍԴ անդամ դառնալու իրավունքը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր իրավաբանի համար դա մեծ պատիվ է եւ մասնագիտական առաջխաղացման բարձր հանգրվան: Թեկնածուն ներկայացրել է իր անցած ուղին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցությունը, հասարակական հատվածում գործունեությունը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին արդյունավետ համագործակցության համար: Հրայր Թովմասյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում գործելու է սահմանադրականության ամրապնդման ճանապարհով:

Հրայր Թովմասյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած հարցերին, որից հետո իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները:

Միհրան Պողոսյանը, Գեւորգ Կոստանյանը, Արման Սաղաթելյանը եւ Ռուստամ Մախմուդյանը բարձր են գնահատել Հրայր Թովմասյանի մարդկային եւ մասնագիտական հատկանիշները՝ կարեւորելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը համալրվելու է Հրայր Թովմասյան արհեստավարժ իրավաբանով:

Խորհրդարանը հերթական նիստի աշխատանքը կշարունակի մարտի 2-ին:


01.03.2018
Արմեն Աշոտյանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-...

01.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 1-ին Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Միջհամայնքային միավորում...

01.03.2018
Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 1-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նիստերի դահլիճում հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը մանրամա...

01.03.2018
Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կրթություն1970թ. ավարտել է Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտություննե...