Տպել
28.02.2018
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջեւանի եւ այլ շրջանների բնակչության հայաթափմամբ եւ Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ է ստացել մասնավորապես 1988-1991 թվականներին Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում (Կիրովաբադում) հայերի նկատմամբ իրականացված ջարդերով, 1991 թվականից սկսած` Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձկաններ, 1991 թվականին իրականացված «Օղակ» ռազմական գործողության միջոցով 22 հայկական գյուղերի էթնիկ զտմամբ ու բռնագաղթով, 1992 թվականին Արցախի Մարաղա գյուղում ապրող տարեց մարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով, 1992 թվականին հայաբնակ Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի հատվածի բռնազավթմամբ ու հայաթափմամբ, Աղդամի մոտակայքում` ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Խոջալու ավանի բնակիչների սպանությամբ` Ադրբեջանում ներքաղաքական պայքարում դա օգտագործելու եւ հայերին վերագրելու նպատակով, հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ իրականացրած անձանց հերոսացմամբ, հակահայկական ատելության ու անհանդուրժողականության սերմանմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ, պատմության կեղծարարությամբ, 1994-1995 թվականներին կնքված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումներով եւ դիվերսիոն ներթափանցումներով, խաղաղ բնակչության ու զինվորականների սպանություններով, քաղաքացիական հաստատություն-ների դեմ թիրախավորված ռմբակոծումներով, 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ նոր լայնածավալ ագրեսիայի սանձազերծումով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով` երեխաների, կանանց ու տարեցների սպանություններով, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգմամբ, գերության մեջ հայտնված հայ զինվորների` ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ոճով գլխատումներով,

փաստելով, որ էթնիկ զտման, հայաթափման եւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո հայտնված արցախահայության` 1988 թվականի փետրվարին, միջազգային իրավունքի նորմերին եւ գործող օրենսդրության համաձայն, խաղաղ ցույցերի միջոցով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջին ի պատասխան` Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած եւ ծայրահեղ հայատյացության պետական քարոզչությամբ ուղեկցվող հակահայկական բռնությունները, ջարդերն ու տեղահանումները անհնարին էին դարձրել Ադրբեջանում հայերի գոյությունը,

արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը` շարունակելով ապավինել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաեւ հայատյաց, ռասիստական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները.

ոգեկոչում է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների անմեղ զոհերի հիշատակը.

կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին`

* դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար,

* գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ:


28.02.2018
Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետու...

28.02.2018
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Խորհրդարանի նախագահն այդ կապակցությամբ մասնավորապես ասել է. «Հարգելի պատգամավորներ, 30 տարի առաջ այս օրերի...

28.02.2018
«Անհերքելի է Նորատ Տեր-Գրիգորյանցի ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային...

28.02.2018
Ազգային ժողով էին այցելել Պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել խորհրդարանի նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպ...

28.02.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի կենսագրությունը
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին, Երեւանում: Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո 1994 թվականին ընդունվել եւ 1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում: Ավարտել է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավո...