Տպել
27.02.2018
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երեւանի թիվ 134 հիմնական դպրոցի տնօրենի, ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործունեությանը, օրինագծերի քննարկման ընթացակարգին:

Խոսելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող օրենքների նախագծերի մասին` նա ընդգծել է, որ միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթական համակարգի ստեղծումը Հայաստանի որդեգրած ռազմավարական առաջնահերթ ուղղություններից է:

Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուզաննա Մուրադյանին, որոնք մասնավորապես վերաբերել են հիմնական եւ ավագ դպրոցներում ուսուցմանն առնչվող մի շարք փոփոխությունների:

Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է Բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, կրթական համակարգի արդյունավետ կառավարմանը, բարձրագույն կրթական ծրագրերի իրականացմանը, միջազգային կրթական տարածքին ինտեգրմանը, աշխատաշուկային համապատասխանության  ապահովմանը:

Պատգամավորը  խորհուրդ է տվել լավ սովորել, ձգտել դառնալ արհեստավարժ մասնագետներ: