Տպել
23.02.2018
Աշխատանքային քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Միջհամայնքային միավորումների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը եւ դրա վերաբերյալ արված առաջարկները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը ներկայացրել է ընդունված եւ չընդունված առաջարկները՝ նշելով, որ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին կներկայացվի օրենքի լրամշակված նախագիծ: Նա տեղեկացրել է, որ մասնավորապես ընդունվել է միջհամայնքային միավորման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստի վարման, որոշումների ընդունման, ինչպես նաեւ արտահերթ նիստի գումարման կարգերը օրենքով սահմանելու մասին հանձնաժողովի առաջարկը:

Նիստի ընթացքում քննարկվել են օրինա•ծի խնդրահարույց դրույթներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի առկայությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական փոփոխություններով. այն նպատակ ունի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ լուծել համայնքային խնդիրներ: