Տպել
22.02.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ օրենքն ընդունվել է 2008 թվականին, որից հետո հիփոթեքային պարտատոմսերի միջազգային շուկայում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք արտացոլված չեն գործող օրենքի մեջ: Նա նշել է, որ Հայաստանում շուկայի զարգացումը հնարավորություն կտա ֆինանսական կազմակերպություններին ներգրավելու լրացուցիչ միջոցներ:

Հաջորդիվ Ներսես Երիցյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Ըստ բանախոսի` գործող օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները ստեղծվում են որպես հիմնադրամ: Առաջարկվող փոփոխություններով արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կունենան բացառապես ֆոնդի կարգավիճակ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ երկու օրենքների նախագծերը նախապես քննարկվել են եւ փոփոխվել:

Քվեարկության արդյունքում օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ու կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: