Տպել
14.02.2005
Գիտության պահպանության ու զարգացման խնդիրների մտահոգությամբ

Փետրվարի 14-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների 12 տնօրենների հետ: Հանդիպման առանցքում այն ուսումնասիրություններն էին, որ կատարել էր ԱԺ նախագահին առընթեր գիտնականների խորհուրդը ակադեմիական համակարգի 33 ինստիտուտներում` պարզելու համար նրանց վիճակն ու պրոբլեմները:

Ինստիտուտների տնօրենները խորհրդարանի նախագահին ներկայացրին եւ գիտության զարգացման ընդհանուր խնդիրները, որոնք պահանջում են հայեցակարգային կամ օրենսդրական լուծումներ, եւ լոկալ խնդիրներ, որ վերաբերում են որոշակի ինստիտուտների: Մասնավորապես կարեւորվեց գիտություն-իշխանություն եւ գիտություն-հասարակություն, գիտություն-արտադրություն կապը:  Գիտության զարգացման համար ինստիտուտների տնօրենները անհրաժեշտ պահանջ համարեցին գիտական մթնոլորտի վերականգ նումը եւ պետության կողմից գիտության պահպանության ու զարգացման հայեցակարգերի մշակումը: Գոհունակությամբ նշվեց, որ որոշակի քայլեր սկսել են արվել` պետբյուջեում  ավելացել է գիտության ֆինանսավորումը (2004-ի 3 միլիարդ 321600 միլիոնից 2005-ին`  4 միլիարդ 102600 միլիոն դրամ), մշակվում է գիտության զարգացման հայեցակարգը, բայց ժամանակակից չափանիշներով գիտություն ունենալու համար դա բավարար չէ: Պրոբլեմների ցանկում նշվեց ինֆրակառուցվածքների մաշվածությունը, շենքերի անմխիթար վիճակը, ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությունը, որը փորձարարական գիտությունների զարգացման պարտադիր պայման է, եւ ստացված տվյալների հետազոտությունների միասնական կենտրոնի ստեղծումը: Առանձնահատուկ ընդգծվեց սերնդափոխության խնդիրը, նշվեցին այն դժվարությունները, որոնք խոչընդոտում են երիտասարդների դեպի գիտություն գալուն: Նշվեցին նաեւ օրենսդրական կարգավորման կարիք ունեցող խնդիրներ` մասնավորապես հանքավայրերի երկրաբանության տեսանկյունից ճիշտ շահագործման, ինովացիոն գործունեության մասին օրենքի ընդունման, որը մեծապես կնպաստի գիտություն-արտադրություն կապի զարգացմանը, երիտասարդներին գիտական աշխատանքներում ներգրավելու առնչությամբ:

Քննարկված բոլոր հարցերի շուրջ հանդիպման արդյունքում ձեռքբերվեցին որոշակի պայմանավորվածություններ` նախ, որ կստեղծվեն աշխատանքային խմբեր` առանձին քննարկելու ինստիտուտների ընդհանուր ու լոկալ խնդիրները, որից հետո ԳԱԱ-ում կճշտվեն յուրաքանչյուր ինստիտուտի առաջնահերթությունները, ապա ԱԺ նախագահին կներկայացվեն առաջարկությունների փաթեթներ` առանձին խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հավարտ հանդիպման` նշեց, որ պետք է մեծացնել ուշադրությունը գիտության եւ գիտատեխնիկական խնդիրների լուծման նկատմամբ` գիտական մթնոլորտի ձեւավորումից մինչեւ ֆինանսավորման ավելացում, նաեւ` հայ գիտնականների գործնական կապերի հաստատում աշխարհի զարգացած գիտական կենտրոնների հետ` այս հարցը մշտապես քննարկվում է ու ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռքբերվում ԱԺ նախագահի պաշտոնական այցերի ընթացքում: