Տպել
08.02.2005
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Բահրեյնի Թագավորությունում

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում իր հանդիպումները սկսեց Բահրեյնի խորհրդարանում: Բահրեյնի Թագավորության պատգամավորական ժողովի նախագահ Խալիֆա բեն Ահմադ ալ Ղահրանի եւ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության խորացման խնդիրներ: Նշվեց, որ առաջին անգամ է նման բարձրաստիճան պատվիակություն ժամանում Հայաստանից եւ այս այցը հիմք է դնում երկու ժողովուրդների ու երկրների բարեկամությանը ու համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Թագավորության պատգամավորական ժողովի նախագահ Խալիֆա բեն Ահմադ ալ Ղահրանին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: Հանդիպման ընթացքում ուղենշվեցին համագործակցության ոլորտները` գիտության, կրթության, տնտեսական կապեր: Կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում: Պարոն Ղահրանին նշեց, որ Բահրեյնը Ծոցի երկրների դարպասն է եւ իբրեւ այդպիսին` մեծ ներուժ ունի լինելու լինել Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության կամուրջ:

Հանդիպման արդյունքում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Բահրեյի թագավորության պատգամավորների պալատի նախագահ խալիֆա Ալ Դահրանին ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր` ՀՀ Ազգային Ժողովի եւ Բահրեյնի Թագավորության Ազգային ժողովի Պատգամավորների պալատիմիջեւ:Ըստ համաձայնագրի` կողմերը ընդգծելով երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության կարեւորությունը, որոշում են ՀՀ Ազգային ժողովում ստեղծել Հայաստան-Բահրեյն, իսկ Բահրեյնի Թագավորության Խորհրդարանի Պատգամավորների պալատում` Բահրեյն-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբեր եւ պարբերաբար անցկացնել խորհրդատվություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերյալ։ Բացի այդ` կազմակերպել համագործակցություն խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջեւ` ստեղծել համատեղ աշխատանքային եւ փորձագիտական խմբեր։ Նախատեսվում է մշտական կապ հաստատել երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ, կատարել փորձի փոխանակումներ, աջակցել միմյանց կադրերի վերապատրաստման եւ մասնագիտական հմտության բարձրացման գործում:

Բահրեյնի Թագավորության Աժ խորհրդակցական ժողովի նախագահ Ֆեյսալ բեն Ռադի ալ Մաուսավիիհետ հանդիպման ընթացքում եւս քննարկվեցին համագործակցության հարցերը, կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը: Խորհրդակցական ժողովի նախագահը նշեց, որ ժողովրդավարությունը Բահրեյնում  եւս  երիտասարդ է ու միմյանց փորձի օգտագործումն կարող է փոխադարձաբար օգտակար լինել: Ներկայացնելով խորհրդակցական ժողովի գործառույթները` Ֆեյսալ բեն Ռադի ալ Մաուսավին կարեւորեց հայկական խորհրդարանական ավանդույթների ուսումնասիրումը եւ օերնսդրական փորձին տեղյակությունը: Կարեւորվեց պատվիրակությունների փոխանակման ու միմյանց հետ անմիջական շփումների անհրաժեշտությունը:

Բահրեյնի Թագավորության վարչապետ շեյխ Խալիֆա իբն Սալման ալ Խալիֆայի հետ հանդիպման ընթացքում կարեւորվեցին փոխադարձ այցելությունները իբրեւ համագործակցության սկիզբ: Բահրեյնի Պետության վարչապետը իր աջակցությունը հայտնեց Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծմանը` խոստանալով Բահրեյնի ակտիվ մասնակցությունը: Երկուստեք ընդգծվեց, որ տարածաշրջանային հարցերում դիրքորոշումները համընկնում են եւ դա կարեւոր է միջազգային ատյաններում համագործակցության համար: Վարչապետը պատրաստակամություն հայտնեց նաեւ տնտեսական համագործակցության հարցերին նպաստելու` ընդգրկելով բոլոր բնագավառները, որտեղ կան փոխադարձ հետաքրքություններ:

Բահրեյնի Թագավորության թագավոր նորին մեծություն Ահմադ իբն Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը թագավորին փոխանցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը եւ Հայաստան պաշտոնական այցի հրավերը, որը սիրով ընդունվեց: Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքի, թագավորը նշեց, որ դեպի Հայաստան ճանապարհը այս այցով ավելի կարճացավ: Այցի ընթացքում ձեռք բերվեցին մի քանի կոնկրետ պայմանավորվածություններ. նախ Բահրեյնի Թագավորության թագավոր նորին մեծություն Ահմադ իբն Իսա Ալ Խալիֆան պատրաստակամություն հայտնեց նպաստել Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծմանը, որը կարող է դառնալ արաբական աշխարհը ներկայացնելու լավ հնարավորություն, ապա թագավորը խոստացավ աջակցել Բահրեյնում Հայաստանի առեւտրական կենտրոնի ստեղծմանը, որը կամուրջ կլինի նաեւ Ծոցի երկրների հետ կապերի ամրապնդման համար: Բահրեյնի Թագավորության թագավոր նորին մեծություն Ահմադ իբն Իսա Ալ Խալիֆան պատրաստակամություն հայտնեց նաեւ աջակցել, որպեսզի Հայաստանը դիտորդի կարգավիճակով անդամակցի իսլամական կոնֆերանսին  եւ արաբական խորհրդարանական լիգային: Հանդիպման ժամանակ կողմերը կարեւորեցին տարածաշրջանային խաղաղության իրենց ձգտումը եւ պատրաստակամությունը միջազգային կառույցներում համագործակցելու: Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ, որ պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի երկրորդ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Բահրեյն-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները:

Պաշտոնական հանդիպումները Մանամայում կշարունակվեն փետրվարի իննին, իսկ երեկոյան պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: