National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Դիլիջան
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 28-ին արտագնա այց էր կազմակերպել Դիլիջան:

Այցի նպատակն էր բնակավայրերի ղեկավարների, ավագանու անդամների, բնակիչների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել խոշորացված համայնքների դրական ու բացասական կողմերը:

Դիլիջան համայնքում ընդգրկվել են Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք եւ Խաչարձան գյուղական համայնքները:

Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, վարչական տարածքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ տեղական կազմակերպություններից եւ համայնքի բնակիչներ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացված համայնքի դրական եւ բացասական կողմերին: Ըստ զեկուցողի` համայնքների խոշորացման փիլիսոփայությունը կառավարման ավելի լավ համակարգ ստեղծելն է եւ բնակավայրերում առավել համաչափ զարգացում ապահովելը:

Հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը ներկաներին հորդորել է ներկայացնել խոշորացումից հետո համայնքում առաջացած խնդիրները, եթե դրանք կան:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի խոսքով` Դիլիջան քաղաքի վարչական տարածքը մինչ խոշորացումը կազմել է 12056.95 հեկտար: Խոշորացման գործընթացում քաղաքին միացել են գյուղական բնակավայրեր, ինչի արդյունքում միավորված համայնքի մակերեսը արդեն կազմում է 63316.93 հեկտար, որից ավելի քան 50-ը Դիլիջանի ազգային պարկի տարածքներն են: Համայնքի ղեկավարը փաստել է, որ խոշորացման արդյունքում աշխատատեղեր չեն կրճատվել, այլ ճիշտ հակառակը՝ ավելացել են: Արմեն Սանթրոսյանը տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում խոշորացման արդյունքում խոշորացված բնակավայրերում կատարվել են զգալի աշխատանքներ: Գյուղական համայնքներում լուծվել է աղբահանության հարցը, մինչեւ սեպտեմբեր կլուծվի նաեւ տրանսպորտի խնդիրը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ համայնքների խոշորացումը կառավարման համակարգի բարեփոխում է, եւ, կառավարման համակարգում հետընթաց չկա: Խոսելով բնակիչների բարձրացրած խնդիրների մասին, փոխնախարարը նշել է, որ դրանք հիմնականում սոցիալական բնույթի են եւ ըստ էության խոշորացման հետ առնչություն չունեն:

Այնուհետեւ քննարկման մասնակիցներն այցելել են Հովք եւ Հաղարծին բնակավայրեր, զրուցել բնակչության հետ եւ տեղում ծանոթացել խնդիրներին:

Ամփոփելով քննարկումները` հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար` նշելով, որ հանձնաժողովը բաց է եւ հրապարակային, պատրաստ է կրկին հանդիպելու եւ քննարկելու բոլոր առաջարկներն ու դիտողությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am