Տպել
24.01.2017
ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
1 / 1

«Հարգելի գործընկերներ, մինչեւ մեր օրակարգի հաստատումը, ես պահանջում եմ, որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երեւույթի, հատկապես, որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների եւ խոսքի ազատության պաշտպանությունն է: Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է: Հիշեցնեմ, Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն, նրան ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրահանգով այն բանի համար, որ բլոգերը 2011եւ2012 թթ. այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես կանդրադառնա այնպիսի ամոթալի եւ խայտառակ մի երեւույթի, ինչպիսին Ադրբեջանի «սեւ ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ. քանի հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի «սեւ ցուցակում», որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես դրան անդրադառնա, քանի լրագրող, զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է: Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես արթնանա լեթարգիական քնից եւ արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ:

Եվ առնվազն տարակուսելի է, որ, ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների պաշտպանության պլատֆորմը որեւէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը եւ արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, եւ որեւէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու եւ արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը:

Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին, ինչպես նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին եւ թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին»: