Տպել
28.04.2016
Քննարկվել են հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությանը վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 28-ին հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի գենդերային ծրագրերի պատասխանատու Լիանա Աղաբեկյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ, գենդերային հարցերով խորհրդական Կոմիլա Ռահիմովայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ եւ իր նկատառումներն է ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացվող կուսակցական աշխատանքում կանանց մասնակցությանն ու դերին վերաբերող ծրագրի առնչությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում դրական քայլեր են կատարվում հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:

Տիկին Նաղդալյանը հյուրերին ներկայացրել է նաեւ մեր երկրում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները, անդրադարձել Ընտրական օրենսգրքի նախագծով ընտրություններին կանանց մասնակցությանը վերաբերող փոփոխություններին եւ կարեւորել կանանց մասնակցության ընդլայնումը ՏԻՄ ու համապետական ընտրություններին:

Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է կուսակցական աշխատանքում կանանց ներգրավվածությանը, ներկայացրել ՀՀԿ կանանց խորհրդի կառույցներում ընդգրկված կանանց աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերային հարցերին առնչվող ծրագրերին եւ փաստաթղթերին, կանանց քաղաքական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին, քաղաքական ու հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խթանմանը եւ այլ հարցերի: